ՀԱՕԿ. Հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին

ՀԱՕԿ. Հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գտնում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ ևս ապացուցելով,որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Նշվում է, որ այսուհանդերձ, հաշվի առնելով հարցի նրբությունը և կարևորությունը ՀԱՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

Դեռ այս տարվա հոկտեմբերին Երևանում ՄՕԿ նախագահ Թոմաս Բախ և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկեի հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ այս հարցում վերջնական որոշում կկայացվի բացառապես մարզաշխարհի ներկայացուցիչների հետ կայանալիք հանդիպումներից հետո, ինչը բարձր է գնահատվել նրանց կողմից: Այնպես որ, ՀԱՕԿ-ը Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հաշվի առնելով մարզաշխարհի ներկայացուցիչների կարծիքը:

Հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հավաստիացրեց, որ և՛ Միջազգային օլիմպիական կոմիտեի, և՛ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանը և հայ ժողովուրդը բավարարված լինեն այդ բանակցությունների արդյունքներով, և հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը ողջունում է «սպորտն առանց սահմանների» սկզբունքը: «Հայաստանի պատվիրակությունը պատրաստ է մեկնել Բաքու այն դեպքում, եթե այդ երկիրը երաշխավորի հայկական պատվիրակության անվտանգությունը»,- ասել է Ծառուկյանը:

Նոյեմբերի 5-ին Պատրիկ Հիկեն Բանգկոկում հայտարարեց, որ Հայաստանը կմասնացիԵվրոպական խաղերին Բաքվում՝ հավելելով, որ Հայաստանի մասնակցությանը խանգարող խնդիրները լուծված են:

Նոյեմբերի 21-22-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը` ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ Բաքվում մասնակցել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որի ընթացքում քննարկվել է մի շարք հարցեր, այդ թվում հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերի հետկապված մի շարք հարցեր:

Համաժողովի պատվիրակները բարձր են գնահատել ՀԱՕԿ-ի որոշումը` մասնակցել Բաքվում կայացած գլխավոր համաժողովի աշխատանքներին: Նրանքշեշտել են, որ հայկական կողմի քայլը կարևոր ներդրում է խաղաղության հաստատման ու մարզաշխարհում համերաշխության կայացման գործում, ինչպես նաև մի նոր մակարդակի վրա է բարձրացրել օլիմպիական շարժման գաղափարը:

Եվրոպական օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի մասնակցության հարցը 2015 թվականին կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերին: Հայկական կողմի բոլոր հարցադրումներին տրվել են բավարարող և սպառիչ պատասխաններ, իսկ Եվրոպական մարզական առաջին խաղերի կազմակերպիչ կողմը մեկ անգամ ևս շեշտել է, որ կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը:

Բաքվում կայացած նիստի շրջանակներում ՀԱՕԿ պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովի ընթացքում նաև որոշում է կայացվել հոբելյանական 45-րդ համաժողովն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

Բաքուն Եվրոպական խաղերի անցկացման վայր է ընտրվել 2012-ի դեկտեմբերին: 2015-ին Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման օպերացիոն կոմիտեն Բաքվում (BEGOC) կստանձնի Եվրոպական խաղերի կազմակերպումն ու կառավարումը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հետ գործակցությամբ: Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք մրցումներին հաճախ ուղեկցվում է միջադեպերով. մարզիկների, հայկական դրոշի ու օրհներգի դեմ, պատվիրակությունների անդամներին անվտանգության նկատառումներով արգելում են լքել հյուրանոցը: Ավելի վաղ Բաքվում Շախմատի աշխարհի գավաթի մրցումներում ու շախմատի օլիմպիադայում Հայաստանին տեսնելու ցանկության մասին էր հայտարարել ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը: 2010-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվեց մասնակցել Ադրբեջանում անցած Եվրոպայի առաջնությանը: 2012-ին Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվեց մասնակցել Բաքվում անցկացվող հավակնորդների մրցաշարին: Սակայն 2014-ին Լևոն Արոնյանը համաձայնվել է մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կայանալու է Բաքվում 2015 թ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---