Հռոմի պապ. Թուրքիան «մեծ պատասխանատվություն» է կրում իր պատմության պատճառով

Հռոմի պապ. Թուրքիան «մեծ պատասխանատվություն» է կրում իր պատմության  պատճառով

PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը մուսուլմանական երկիր կատարած հազվադեպ այցի առաջին օրը` նոյեմբերի 28-ին, Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպումներում կրոնական հանդուրժողականության և երկխոսություն սկսելու կոչ է արել` հակահարված տալու ծայրահեղականությանը Միջին Արևելքում:

Ելույթ ունենալով Անկարայում՝ Ֆրանցիսկոս պապը, CNN-ի հաղորդմամբ, բոլոր կրոնների հետևորդներին կոչ է արել հարգել մարդկային կյանքը, արժանապատվությունը և կրոնական ազատությունը:

«Մոլեռանդությունն ու արմատականությունը, ինչպես նաև՝ անխոհեմ մտավախությունները, որոնք նպաստում են թյուրըմբռնմանը և խտրականությանը, պետք է հակադարձվեն բոլոր հավատացյալների աջակցությամբ և միասնությամբ», - ասել է Պապը` հավելելով, որ ահաբեկչական բռնությունը թուլացման որևէ հեռանկար ցույց չի տալիս Իրաքում և Սիրիայում, որտեղ շարունակվում են քրիստոնյաների և եզդի փոքրամասնության հալածանքները, և հարյուր-հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն ու երկիրը` ապրելու և իրենց կրոնական հավատքին հավատարիմն մնալու համար:

Հռոմի պապն ընդգծել է, որ Թուրքիան «մեծ պատասխանատվություն» է կրում իր պատմության և արևելքն ու արևմուտքը կապող աշխարհագրական դիրքի պատճառով և կարող է օգնել միավորել տարբեր համայնքներ ու ճանապարհ բացել խաղաղության համար:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցի շրջանակում կհանդիպի նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և կբանակցի Թուրքիայի կառավարությանն առընթեր կրոնական գործերի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզի հետ: Պապը կհանդիպի նաև Ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ: Այս այցը նպատակաուղղված է ո'չ միայն քույր եկեղեցիների միջև կապերն ամրացնելուն, այլև` կրոնական տարաձայնությունները հաղթահարելուն:

Միևնույն ժամանակ Ջյուբելի Ահմեթ Հոջան, որը Թուրքիայի իսլամական համայնքներից մեկի առաջնորդն է, հայտարարել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի հետ չի պատրաստվում հանդիպել:Թուրքական լրատվականներին հղումով Ermenihaber-ը գրում է, որ Ահմեթ Հոջան լրագրողների «Հռոմի պապի հետ կցանկանա՞ք հանդիպել» հարցին ի պատասխան ասել է.

«Ինչո՞ւ հանդիպեմ պապին, որ ի՞նչ անեմ»,- ասել է մահմեդական հոգևորականը` հավելելով, որ կհանդիպի միայն, եթե.

«Եթե նրան մահմեդական դարձնելու լինեմ, կհանդիպեմ և եթե հնարավոր լինի կասեմ. «Դու այդ Հռոմի պապի պաշտոնը թող, արի մուսուլման դարձիր»»,-ասել էր Ջյուբելի Ահմեթ Հոջան:

Հռոմի պապը Թուրքիա է այցելել մի ժամանակահատվածում, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, իսլամը գործիք դարձնելով, բռնություններ է գործում Մերձավոր Արևելքում: Այս առնչությամբ Վատիկանի գլխավոր քարտուղար կարդինալ Պիերո Պարոլին հայտնել է, որ Հռոմի պապի Թուրքիա է այցելում շատ կարևոր ուղերձով, այն է. «Պետք է դատապարտել կրոնի միջոցով մանիպուլացիա անելը, Աստծո անունն օգտագործելով բռնություն գործելը»:

Ֆրանցիսկոս 1-ինի այցի օրակարգում հիմնականում 5 հարց է ներառված.

1. Սպասվում է, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդը կխուսափի Սուրբ Սոֆիա տաճարում աղոթք անելուց, որտեղ իր նախորդներից Պողոս 6-ի ծնկաչոք աղոթքը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել:

2. Սպասվում է, որ Հռոմի պապը կկրկնի նախորդ պապի՝ Բենեդիկտոս 16-ի արածը և կաղոթի Սուլթանահմեթ մզկիթում: Ֆրանցիսկոսը կլինի 2-րդ պապը, որ կայցելի Սուլթանահմեթ:

3. Հռոմի պապը չի խոսի Հայոց ցեղասպանության մասին: 2013 թվականին Հռոմի պապը 1915 թվականի կոտորածները որակել էր ցեղասպանություն՝ ասելով. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն էր»:

4. Նա կայցելի նոր կառուցված նախագահական նստավայր՝ Սպիտակ պալատ (Աքսարայ)՝ դառնալով առաջին բարձրաստիճան հյուրը: Սակայն հնարավոր է, որ Ֆրանցիսկոսին դիմավորեն բողոքի ցույցով: Բան այն է, որ ճարտարապետների միությունը նամակով դիմել էր պապին և պահանջել չմասնակցել Սպիտակ պալատում կատարվելիք ընդունելությանը՝ այցի դեպքում զգուշացնելով հնարավոր բողոքի ակցիայի մասին:

5. Ֆրանցիսկոս 1-ինը կհանդիպի Հունական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Կոնստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս 1-ինի հետ: Հանդիպման ընթացքում ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միասնությանն ու համերաշխությանը վերաբերող հարցեր կքննարկվեն:

Հռոմի պապի այցի առթիվ անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել: Անկարայի ոստիկանությունը դատարանի հատուկ որոշմամբ ոստիկաններին մեքենաները խուզարկելու արտոնություն է տվել: Այցի անվտանգությունն ապահովելու միջոցառումներում ներգրավվել է 2.700 ոստիկան և 1 ուղղաթիռ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---