Նոր ատոմակայան ու ավելի էժան գազ Թուրքիային. Պուտինի այցը

Նոր ատոմակայան ու ավելի էժան գազ Թուրքիային. Պուտինի այցը

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ռուսաստանը դեկտեմբերի 1-ին էներգետիկ և առևտրի ոլորտներում մի շարք համաձայնագրեր են կնքել: Ինչպես հաղորդում է Mk.ru-ն, կողմերը Թուրքիայում ատոմակայան կառուցելու մասին հուշագիր են ստորագրել: Հուշագիր է ստորագրվել նաև ռուսական «Գազպրոմի» և թուրքական BOTAS ընկերությունների միջև: Ընդհանուր առմամբ ստորագրվել է ութ համատեղ փաստաթուղթ:

Ավելի վաղ Անկարայում կայացել է ՌԴ-ի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով գործակցության խորհրդի 5-րդ նիստը: Այն նախագահել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ Պուտին - Էրդողան առանձնազրույցը տևել է ծրագրվածից մոտ երեք անգամ ավելի երկար՝ 3 ժամ, ինչից հետո նախագահները հանդես են եկել հայտարարություններով:

Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, որ ռուս-թուրքական էներգետիկ գործակցությունն այժմ դուրս է եկել ռազմավարական մակարդակի: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը լրացուցիչ գազ կմատակարարի Թուրքիային, դրա համար նոր գազատար կկառուցվի: Հաջորդ տարվա հունվարից Թուրքիայի համար գազի գինը կիջեցվի 6 տոկոսով: ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է «Հարավային հոսանք» նախագծի իրականացումը և կվերաուղղորդի իր էներգետիկ մատակարարումները դեպի այլ շուկաներ:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը գրել էր, որ Թուրքիան գազի զեղչված գին է ակնկալում Ռուսաստանից, իսկ առևտրաշրջանառությունը մինչև 2020-ը ցանկանում է հասցնել տարեկան 100 մլրդ ԱՄՆ դոլարի:

Պուտինը պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել դեկտմեբերի 1-ին և մասնակցել Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստին: Վերջինս ստեղծվել է 2010-ին, երբ ՌԴ նախագահը պետական այց էր կատարել Թուրքիա:

Թուրքիա կատարելիք այցից առաջ Ռուսաստանի Դասշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության թղթակցի հետ: Պուտինը ողջունել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու թուրքական կառավարության ցանկությունը:

«Թուրք գյուղատնտեսները կարող են լցնել ռուսական մեծ շուկայի դատարկ տեղերը: Ջերմորեն ենք վերաբերվում Ռուսաստան մսամթերք, կաթնամթերք, ծովամթերք, միրգ և բանջարեղեն արտահանելու թուրք արտադրողների մտադրություններին»,- ասել ՌԴ նախագահը: Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Անկարան կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել իր արտաքին քաղաքականությունում: ՌԴ նախագահը Թուրքիայի հետ առևտրաարդյունաբերական նոր գործակցություն զարգացնելու հնարավորություններ է մատնանշել: Բացի այդ Պուտինը նշել է նաև, որ թուրք պաշտոնակցի հետ պատրաստվում է քննարկել էներգետիկ ոլորտում ահմատեղ ռազմավարական նախագծեր կյանքի կոչելու հարցեր ևս:

«Թուրքիան Ռուսաստանի կարևորագույն առևտրային գործընկերն է և դա պահպանվելու է: 2013-ին մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 32.7 մլրդ դոլար: Թուրքիայում կատարած ռուսական ուղղակի ներդրումները հասնում են 1.7 մլրդ դոլարի, իսկ Ռուսաստանում թուրքական ներդրումների չափը գրեթե հասնում է 1 մլրդ դոլարի: Այս դրական ընթացքն ավելի բարելավելը բխում է երկու երկրների շահերից»,- նշել է Պուտինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---