Վարչապետը՝ դրամի արժեզրկման մասին. 5%-ի շրջանակում գնաճը նորմալ է

Վարչապետը՝ դրամի արժեզրկման մասին. 5%-ի շրջանակում գնաճը նորմալ է

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնաբանել է դրամի արժեզրկման ու թանկացումների հետ կապված խնդիրները:

«Մենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջոցով մոնիթորինգ ենք իրականացրել, 5%-ի շրջանակներում է գնաճը, որը ես նորմալ եմ համարում»,- ասել է վարչապետն ու հավելել, որ դա պետք չէ կապել ներքին տնտեսական զարգացումների հետ. միջազգային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետեւանք է:

«Տարածաշրջանային տնտեսության այդ վեր ու վարի պատճառներն են, որ բացասական ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա»,- նշել է Աբրահամյանը:

«Առավոտի» հաղորդմամբ՝ վարչապետը շեշտել է՝ կառավարության համար կարևոր է, որպեսզի տնտեսության տարբեր ճյուղեր օգտվեն հնարավորություններից, և կարևոր է, որ գնաճը լինի իրատեսական:

Միևնույն ժամանակ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը խորհրդարանում հայտարարել է, որ 2014-ի արդյունքներով գնաճը կհասնի մոտ 4%-ի:

«Եթե թանկացումները նույն տեմպերով շարունակվեն, վստահ եմ, որ գնաճը կլինի 4%-ի շրջանակում, այսինքն՝ պետբյուջեով նախատեսված ցուցանիշների սահմաններում», - ասել է Գաբրիելյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:ԿԲ-ի տվյալներով, գնաճը հունվար-հոկտեմբեր ամիսներին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2,9%:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Նոյեմբերի 1-ին դրամի փոխարժեքը 411,26 դոլար էր:

Կարդացեք նաև՝Թանկացումների դեմ զսպման մեխանիզմներ կկիրառվեն. Իմիջի հարց է

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---