«Այլընտրանքային էներգիա». Ուրցաձորում արտաքին լուսավորության 70 LED լուսատու է տեղադրվել

«Այլընտրանքային էներգիա». Ուրցաձորում արտաքին լուսավորության 70 LED լուսատու է տեղադրվել

PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և դրա գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել և ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում իրականացվող երկու նախագծի արդյունքները: Առաջին նախագծի շրջանակում Ուրցաձոր համայնքի Զորավար Անդրանիկ փողոցում (1600 մ) տեղադրվել է արտաքին լուսավորության 70 լուսադիոդային (LED) լուսատու: Երկրորդ նախագծի շրջանակում գյուղում ստեղծվել և վերանորոգվել է երեք հյուրատուն, որոնցից երկուսում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Երկու նախագիծն էլ սկսվել է մարտին:

Կատարված աշխատանքները ներկայացվել են Ուրցաձոր համայնքում կազմակերպված միջոցառման ընթացքում, որտեղ ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը և համայնքի բնակիչները:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Ուրցաձոր համայնքի համար այս նախագծերն ունեն մի շարք կարևոր առավելություններ: Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսատուները, որոնք 80%-ով նվազեցնում են էներգիայի ծախսը, կլուսավորեն համայնքի փողոցներն ամռանը 22:00-ից մինչև 01:00-ը, ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը, իսկ տոնական օրերին՝ ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն, և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Նորաստեղծ էկո հյուրատները, որոնք ներկայումս երեքն են Ուրցաձոր համայնքում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրերի կարևոր բաղադրիչներից են՝ որպես կայուն եկամտի աղբյուր գյուղաբնակ անապահով ընտանիքների համար: Հյուրատներում տեղադրված արևային ջրատաքացուցիչները ջեռուցման բնապահպանական և էներգաարդյունավետ միջոց են: Այդ համակարգերը ձմռանը ջեռուցման ծախսը նվազեցնում են 40-50%-ով, ամռանը նվազեցնում են տաք ջրի ծախը 100%-ով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի այս նախաձեռնությունը. բնապահպանական որոշ խնդիրների նորարարական լուծում առաջարկելուց բացի, այն ունի կարևոր մեկ այլ առաքելություն: Այս ծրագիրը գյուղական համայանքների զարգացման հիանալի մոդել է, որտեղ գյուղացին ներգրավվում է որպես գործակցող կողմ և ակտիվ մասնակցում է ծրագրի իրականացմանը: Հատկապես ուրախալի է տեսնել նախաձեռնությանը միանալու` համայնքի բնակիչների ոգևորությունն ու եռանդը: Նրանք ցանկանում են սեփական ուժերով բարելավել իրենց կյանքի պայմանները և այդ ամենն անում են շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքով: Համոզված եմ, որ կատարված աշխատանքի արդյունքը տեսնելը և սեփական հողի վրա արժանապատիվ և ազնիվ կյանքով ապրելու հնարավորություն ունենալը խրախուում են մարդուն, որպեսզի նա ավելի շատ սիրի իր երկիրը և չմտածի հեռանալու մասին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այլընրանքային էներգիա» ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որն իրականացվելու է Գեղարքունիքի (Վահան և Ծովագյուղ) և Արարատի (Պարույր Սևակ, Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր) մարզերի վեց համայնքում, պարունակում է երկու բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` համայնքներին այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում (արեգակնային ջեռուցման համակարգ, էլեկտրական ցանկապատեր, LED փողոցային լուսավորություն): Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---