Բաքվում ձերբակալել են Ալիևների կլանի գլխավոր քննադատներից մեկին՝ լրագրող Իսմայլովային

Բաքվում ձերբակալել են Ալիևների կլանի գլխավոր քննադատներից մեկին՝ լրագրող Իսմայլովային

PanARMENIAN.Net - Բաքվի դատարանը դեկտեմբերի 5-ին երկու ամսով ձերբակալել է ընդդիմադիր լրագորղ Խադիջա Իսմայլովային, որին մեղադրում են իր գործընկերներից մեկին՝ լրագրող Թուրալ Մուստաֆաևին, ինքնասպանության փորձի հասցնելու մեջ: Եթե լրագրողուհուն մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը վճռականորեն դատապարտել է լրագրողուհու ձերբակալությունը: «Իսմայլովայի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան կազմակերպված ահաբեկում, որն ազատ ու քննադատ ձայների ճնշմանն ուղղված շարունակական արաշվի մաս է կազմում»,-ասվում է Միյատովիչի հայտարարության մեջ, որով նա հանդես եկավ դեկտեմբերի 5-ին Բազելում ընթացող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 21-րդ նիստում, գրում է Contact.az-ը:

Haqqin.az-ը նշում է, որ փետրվարին Իսմայլովան մի փաստաթուղթ էր տարածել, որտեղ ասվում էր, որ ազգային անվտանգության նախարարությունը մի քանի մարդու է անդամագրել ընդդիմադիր կուսակցություններից: Նա հայտարարեց, որ այդ նյութերը նրան փոխանցել է ազգային անվտանգության նախկին սպա Ռամին Նագիևը, որն այժմ Ֆրանսիայում է բնակվում: Նրան մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 284.2 հոդվածով՝ պետական գաղտնիքի հրապարկում:

Իսմայլովան առաջին հերթին հայտնի է ադրբեջանական վերնախավի շարքերում կոռուպցիայի բացահայտման դեպքերով, այդ թվում Ալիևների-Փաշաևների կլանի բազմամիլիարդանոց բիզնեսին ու ունեցվածքին նվիրված հրապարակումներով: Նա իշխող ռեժիմի ամենահետևողական քննադատներից է, ուստի մշտապես գտնվել է իշխանությունների ճնշման ներքո՝ նրա դեմ դատաքննություն է վարվել, նրան հալածել են իշխանամետ ԶԼՄ-ներում, ինտիմ մանրամասներ են հրապարակել նրա անձնական կյանքից:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: ՈԿԿ գործունեության վերաբերյալ մի շարք օրենքներում ուղղումներ արվեցին: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:

2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։

Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---