28 հունիսի 2006 - 15:25 AMT
Վիկտոր Կրիվոպուսկով. Ադրբեջանում չեն դադարում ստել Զորի Բալայանի մասին
Ադրբեջանում չեն դադարում ստել Զորի Բալայանի մասին, այլ ուղղակի նեղացրել են դրա տարածման գոտին: Զորի Բալայանի հանդեպ որս է գնում ոչ թե ողջ աշխարհում, այլ միայն ԱՊՀ երկրներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ռուս-հայկական բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նա հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանի ինտերնետ-կայքերում եւ այլ ԶԼՄ-ներում սկսել են ստահոդ լուրեր տարածել Զորի Բալայանի մասին: Ռուս-հայկական բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահը օրինակ է բերել քաղաքագետ Ռովշան Նովրուզօղլուի հաղորդագրությունը «Զերկալո» թերթում, որտեղ տպագրվել են «հատվածներ «Մեր ոգու հարությունը» գրքից, որն իբր Զ.Բալայանը գրել է 1996 թ. եւ որը լույս է տեսել «Վանաձոր» հրատարակչությունում, որտեղ նա, ըստ այդ գրքի բացառիկ տիրոջ մեջբերումների, «հանդես է գալիս որպես խաղաղ ադրբեջանցիների դաժան կտտանքների մասնակից, չարագործ եւ վայրագ մի մարդ»: PanARMENIAN.Net-ի հասցեով ստացված նամակում Վ.Կրիվոպուսկովը գրում է. «Քանի որ ես անձամբ վաղուց եմ ճանաչում Զորի Բալայանին, ծանոթ եմ նրա լրագրողական, գրական ստեղծագործությանը եւ գիտական աշխատություններին, լավ գիտեմ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հիմքը, պատմությունն ու ժամանակակից վիճակը, ապա համոզված եմ, որ դա նողկալի սուտ է: Նման գիրք ես չգիտեմ, թեեւ ունեմ Զ.Բալայանի բոլոր երկերը: Սակայն, ձերբազատվելու համար այն հարցից, թե «իսկ եթե հանկարծ Զորի Բալայանը այնուամենայնիվ հրատարակել է նման գիրք, գտա նրան Ինտերնետով Ատլանտյան օվկիանոսում, որտեղ այժմ 72-ամյա ճանապարհորդը արդեն երրորդ անգամ որպես բոցման եւ կոմիսար մասնակցում է «Կիլիկիա» առագաստանավի նավարկությանը, որը կառուցել է իր համախոհների հետ միասին հայ նավաստիների հինավուրց գծագրերով: Զ.Բալայանի պատասխանը թե «վատաբանումը հաղթահարում են միայն առհամարանքով», իրեն սպասել չտվեց: Անհրաժեշտ եմ համարում, որ մեր ժողովրդներն իմանան ճշմարտությունը, սուտը եւ առհամարեն այն ստեղծող եւ տարածող զրպարտիչներին»: