ՀՀ բանկերը դոլարը գնում են 495-510 դրամով. ԿԲ-ն օգտագործում է բոլոր լծակները

ՀՀ բանկերը դոլարը գնում են 495-510 դրամով. ԿԲ-ն օգտագործում է բոլոր լծակները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության վարկային նոր միջոցները Կենտրոնական բանկին արտարժույթի փոխարժեքի վրա ազդեցություն ունենալու պոտենցիալ հնարավորություն են ընձեռում։ Այս մասին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` նշելով` ԿԲ-ն դրանից կօգտվի, թե` ոչ, արդեն իր գործն է:

«Այն, ինչ խոստանում է Կենտրոնական բանկը, դա դիտարկում է իր ունեցած լծակների շրջանակում: Եվ ես կարծում եմ, ինքս էլ մի քանի քննարկումների մասնակցել եմ, որ այն բոլոր լծակները, որ ունի ԿԲ-ն, դրանք բոլորն ինքն օգտագործում է: Բայց գիտեք, որ բացի այդ, դոլար-դրամ խնդիրը միայն պայմանավորված չէ մեր ներհանրապետական պատճառներով ու գործոններով, իսկ այն գործոնները, որոնք մեր Կենտրոնական բանկի իրավասությունից դուրս են, բնականաբար, ինքը դրանց վրա ազդեցություն չի կարող ունենալ»,- նշել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Որպես ներհանրապետական գործոններ ասելով Սաֆարյանը նշել է և տնտեսության վիճակը, և ֆինանսական այն գործիքները, որ այսօր ունենք՝ վերաֆինանսավորման տոկոս և այլն:

Իսկ արտաքին գործոններից բանախոսը նշել է նավթի գները, դրանցով պայմանավորված ռուբլու կուրս, եվրոյի և բոլոր արժույթների կուրսերը.

«Եթե հետևում եք, կտեսնեք, որ այնպես չէ, որ միայն Ռուսաստանում է, որովհետև կարող ենք արձանագրել, որ եվրոն հիմա դոլարի նկատմամբ իջել է: Ես խոսում եմ եվրո-դոլար կուրսի վերաբերյալ, այսինքն՝ երբ ժամանակին 1.33 էր, հիմա այդ հարաբերակցությունը հասել է 1.23-ի: Եվրոյի կուրսը նույնպես անկում է ունեցել: Եվ եվրոյի ու դոլարի կուրսը հաստատ պայմանավորված չէ հայաստանյան իրողություններով: Ուզում եմ ասել, որ աշխարհում տեղի են ունենում պրոցեսներ` պայմանավորված հիմնականում նավթի, տնտեսության կառուցվածքների փոփոխություններով և որը բերել է դրան»:

Անդրադառնալով արտաքին վարկերին, որ տրամադրվում են Հայաստանին, Սաֆարյանը նշել է, որ դրանք տրամադրվում են դոլարով, իսկ տնտեսության մեջ մտնում է դրամ, որովհետև մեր ազգային արժույթը դրամն է:

«Այսինքն՝ Կենտրոնական բանկում որոշակի ռեզերվներ է ավելացնելու: Եվ այդ արժութային ռեզերվները, կախված այն բանից, դա կօգտագործվի կուրսը պահպանելու, թե ոչ, որոշակի հնարավորությունների մեծացում է: Պոտենցիալ հնարավորությունների մեծացում: Ոչ թե իջեցնելու, այլ կուրսի վրա ազդեցություն թողնելու պոտենցիալ հնարավորությունների, երբ դու ավելի մեծ արժութային ռեզերվներ ունես, այլ հավասար պայմաններում քո հնարավորություններն ավելի մեծ են: Բայց այդպես կլինի՞, թե` ոչ, դա արդեն Կենտրոնական բանկի քաղաքականությունն է»,- ասել է ֆինանսների փոխնախարարը:

Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջին շրջանում դրամի փոխարժեքի արժեզրկումը կապել էր համաշխարհային, տարածաշրջանային և ներքին զարգացումների հետ: Նա նշել էր, որ ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո զարգացող և զարգացած երկրներում արժույթի արժեզրկում է գրանցվել:

Ըստ ԿԲ նախագահի, ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ, արտաքին ճնշումներից անմասն չի մնացել նաև Հայաստանը: Դրանք, ըստ Ջավադյանի, նպաստել է ՀՀ-ում տնտեսավարող սյուբեկտների այն վարքագծին, որ ազատ դրամական և վարկային միջոցները սկսել են վերածել արտարժույթի` դրա հետևանքով դրամով լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:ԿԲ նախագահը միաժամանակ նշել էր, որ նման վիճակը չի կարող երկար տևել, քանի որ Հայաստանում վարվող մակրոտնտեսական քաղաքականությունը խելամիտ է և, հատկապես` գնաճի, պետբյուջեի պակասուրդի, արտաքին պահուստների, արտաքին պարտքի և բանկային համակարգի ցուցանիշները գտնվում են կայուն և վերահսկելի մակարդակներում:

Դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-ի դրությամբ՝ մեկ դոլարի առքի նվազագույն գինը 495 դրամ է, առավելագույնը՝ 510, վաճառքի նվազագույն արժեքը 510 դրամ է, առավելագույնը` 517: Միջին փոխարժեքն է 503,24` առքի և 514,10 դրամ վաճառքի դեպքում: Ըստ Rate.am-ի ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 7,61 դրամ, վաճառքինը՝ 8, 57դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 8,33դրամ, վաճառքինը՝ 9,20 դրամ:

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

Կարդացեք նաև` ՀՀ որոշ բանկեր $1-ը վաճառում են 515 դրամով. Ըստ տնտեսագետի` դրամի արժեզրկումը կայունանում է

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---