Անկարան հրաժարվում է բանակցել Եվրամիության հետ վերջինիս պահանջած ձևաչափով

Անկարան հրաժարվում է բանակցել Եվրամիության հետ վերջինիս պահանջած ձևաչափով

PanARMENIAN.Net - Թուրքիայի և Եվրամիության բանակցությունները չեն կարող շարունակվել այն ձևաչափով, որը ԵՄ-ն է պահանջում: Այդ մասին հայտարարել է ԵՄ գործերի նախարար Վոլկան Բոզկիրը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Ըստ նրա, Եվրամիությունը ամբարտավան քաղաքականություն է վարում Թուրքիայի հարցում, ինչն անընդունելի է երկրի համար: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը չի մտահոգի Թուրքիային անդամակցությունից հրաժարվելու դեպքում, նշել է նա:

Նա նշել է, որ ժողովրդավարությունը Թուրքիայում ավելի բարձր մակարդակում է, քան Եվրոպայի որոշ երկրներում:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսվեցին 2005-ին, սակայն Բրյուսելի տարաձայնություններն Անկարայի հետ Կիպրոսի հարցում և այն, որ եվրոպացի քաղաքական գործիչներից շատերը չեն ցանկանում մահմեդական երկիր ունենալ միության կազմում, փակուղի հասցրին բանակցությունները:

Ավելի վաղ նախկին վարչապետ, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «ԵՄ-ն շարունակում է մոլորեցնել Թուրքիային անդամակցության հարցում, և նման իրավիճակը վշտացնում է», հայտնում է «Թրենդը»:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը ավելի վաղ ասել էր, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կորցրել է գրավչությունը երկրի քաղաքացիների համար: Ըստ նրա, եթե նախկինում ԵՄ-ին անդամակցելուն կողմ էր Թուրքիայի բնակչության 75 տոկոսը, ապա այժմ դա է ցանկանում քաղաքացիների ընդամենը 20 տոկոսը:

Ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը օրերս հայտարարել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին, երբ Լատվիան կնախագահի Եվրամիությունում: Այդ մասին եվրոպացի պաշտոնյան ասել էր Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում էր աշխատանքային այցով եվրոպական դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինիի և հումանիտար օգնության գծով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանդիսի հետ:

«Գործը ճիշտ ուղղությամբ է շարժվում»,-ասել է Հանը:

Բացի այդ, եվրոպական պատվիրակությունն անդրադարձավ «ԻՊ» դեմ պայքարին ու Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին օգնելուն: Ըստ Մոգերինիի, թուրք վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցություններում քննարկվել են ԻՊ գրոհայինների մասին տեղեկությունների փոխանակման ու նրանց դեմ համակարգված պայքարին առնչվող հարցեր: Նա նաև հայտարարել է, որ Թուրքիային փախստականների համար 70 մլն եվրո օգնություն հատկացնելու հարցը քննարկման ավարտական փուլում է:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ: Միությանն անդամակցելու մասին բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 13-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: Նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---