Վրաստանի փոխվարչապետ. Անում ենք հնարավորը, որ ՀՀ և Վրաստանի միջև մաքսային դրույքաչափը չփոխվի

Վրաստանի փոխվարչապետ. Անում ենք հնարավորը, որ ՀՀ և Վրաստանի միջև մաքսային դրույքաչափը չփոխվի

PanARMENIAN.Net - Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, որը Երևանում է առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի շրջանակներում, դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ իրենք փորձելու են այնպես անել, որ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության մաքսային դրույքաչափերը մնան նույնը:

«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպական միության հետ մեր ասոցացումը համատեղենք հայկական կողմի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ, որը մեր կողմից հարգելի է: Մինչ մենք կսկսենք բանակցել նոր մաքսային ռեժիմի շուրջ, մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի նույնը մնան այն բոլոր մաքսային դրույքաչափերը, որոնք մինչ այսօր մեր երկրների միջև գոյություն ունեն»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք ունեն բավական ժամանակ, որ վերանայեն բոլոր տեխնիկական հարցերը, որպեսզի Հայաստանը և Վրաստանը մնան ակտիվ առևտրային հարաբերությունների մեջ.

«Հայաստանը մեզ համար կարևոր առևտրային գործընկերներից մեկն է, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի զարգացնենք այդ հարաբերությունները Հայաստանի հետ»:

Անդրադառնալով Վրաստանի տարածքով Հայաստանում տրանզիտային փոխադրումներին՝ Գեորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ իրենք ունեն հնարավորություն գործակցել հորիզոնական ռեժիմով կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում:

«Նորից եմ ասում, որ մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի փոխադրումների հարցերով նույնպես ստեղծենք բոլոր պայմաններ, որպեսզի չիջնեն մեր առևտրաշրջանառության ցուցանիշները: Տրանզիտը շատ կարևոր մաս է մեր առևտրաշրջանառության մեջ»,-շեշտել է նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ հավելել է, որ և´ Հայաստանի, և´ Վրաստանի դեպքում ազատ առևտրի պայմանները ձեռնտու են: Այդ ռեժիմի պահպանմանը ձգտում է նաև վրացական կողմը:

«Այստեղ խնդիրն այն է, որ մենք ժամանակի ընթացքում մեր գործընկեր երկրների հետ կարողանանք պահպանել այդ ռեժիմը»,-ասել էնա՝ շեշտելով, որ ՀՀ-ն միևնույն ժամանակ ընդլայնելու է գործակցությունը եվրոպական երկրների հետ։

Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ արդեն գնում են կոնկրետ բանակցություններ հետագա համագործակցության շրջանակները վերջնականապես որոշելու շուրջ, գրում է Tert.am-ը:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ գործակցության նոր համաձայնագրի վերաբերյալ:

«Ներկա պահին բանակցություններ ենք վարում մեր եվրոպացի գործընկերների հետ տեսակոնֆերանսների միջոցով, որոնց ընթացքում որոշում ենք ԵՄ գործակցության հիմնական ուղղությունները»,- ասել է Ճշմարիտյանը։

Դեկտեմբերի 11-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Վրաստան կատարած այցի շրջանակում Հայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորած կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ Վրաստանի կառավարությունում երկկողմ բարձր մակարդակի բանակցություններ են եղել: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրի անդամակցության հարցին: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն միաժամանակ շարունակելու է ակտիվ գործակցել Եվրոպական միության հետ բոլոր հնարավոր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանի խոսքով` ՀՀ-ն կարևորում է ԵՄ հետ առկա բազմաթիվ համատեղ ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը:

Նշվել է նաև, որ տարբեր ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունը պետք է ծառայի երկու երկրի տնտեսությունների զարգացմանը, գործարար միջավայրի համար նոր հնարավորությունների ստեղծմանը և չխոչընդոտի հայ-վրացական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի սերտացմանը:

Photo: medianews.ge
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---