«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում խուզարկություն է անցկացվել

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում խուզարկություն է անցկացվել

PanARMENIAN.Net - Այսօր մոտավորապես 10:30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակ՝ «Ազադլիգ ռադիոկայան»: Ծառայության տնօրեն Քենան Ալիևը հայտնել է. որ գլխավոր դատախազության առնվազն 10 ներկայացուցիչ ոստիկանների ուղեկցությամբ ներխուժել է կազմակերպության գրասենյակ և հայտարարել է, որ նրանք ունեն բյուրոն փակելու մասին դատարանի որոշում: Անջատվել է ներքին հեռախոսակապն ու ինտերնետը: Խուզարկությանը մասնակցել են վկաներ, որոնք ուղեկցում էին դատախազության ներկայացուցիչներին: Գրասենյակում ներկա մոտ 20 աշխատակիցներին փակել են մի սենյակում՝ թույլ չտալով մոտենալ համակարգիչներին և լքել տարածքը: Դատախազության աշխատակիցները պահանջել են բացել չհրկիզվող պահարանը, որտեղ գտնվում էին կազմակերպության փաստաթղթերը:

Ադրբեջանի իրավապահ մարմինները նման խուզարկություններ են կատարել նաև IREX-ի և Ժողովրդավարչության ազգային ինստիտուտի գրասենյակներում: Այդ երկու կազմակերպությունները փակվեցին:

Գրասենյակի աշխատակից, հայտնի ընդդիմադիր լրագրող Հադիջա Իսմայլովան ձերբակալվեց դեկտեմբերի 5-ին լրագրող Տուրալ Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու փորձի համար: Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Իսմայլովան հայտնի է առաջին հերթին ադրբեջանական վերնախավի շրջանում կոռուպցիայի դեպքերի հետաքննություններով, այդ թվում, Ալիևների և Փաշաևների հզոր կլանի բազմամիլիադանոց բիզնեսին նվիրված հրապարակումներով: Նա իշխող ռեժիմի ամենահետևողական քննադատներից է: Դրա համար նա մշտապես գտնվում է իշխանությունների ճնշման ներքո՝ ներառյալ դատական հետապնդումը, հալածանքները իշխանամետ ԶԼՄ-ներում և անձնական կյանքի ինտիմ մանրամասների հրապարակումը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը Haqqin.az-ին ասել է, թե խուզարկությունը կապված է գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գործերով քննչական վարչության կողմից քննվող գործի հետ, որի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: Ըստ Սուլթանովի, դա կապ չունի Իսմայլովայի գործի հետ:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: ՈԿԿ գործունեության վերաբերյալ մի շարք օրենքներում ուղղումներ արվեցին: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:

2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։

Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---