3,5 մլն մարդ է հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը Ֆրանսիայում. 1,6 մլն-ը միայն Փարիզում

3,5 մլն մարդ է հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը Ֆրանսիայում. 1,6 մլն-ը միայն Փարիզում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում մոտ 3,5 մլն մարդ է մասնակցել երգիծական Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակման ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված ակցիային: Այդ մասին հայտնում է France Presse-ը տեղի ոստիկանության վրա հղումով:

Ըստ իրավապահ մարմինների, միայն Փարիզում Միասնության երթի է դուրս եկել մոտ 1,6 մլն մարդ, հայտնում է Polit.ru-ն:

Փարիզի ակցիային մասնակցել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Նախարար Էդվարդ Նալբանդյանը «ցավակցություն ու զորակցություն» է հայտնել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին՝ նշելով, որ «ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն և ևս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»:

Ցուցարարներին միացել են նաև որոշ գերտերությունների առաջնորդներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հունվարի 12-ի առավոտյան Օլանդը կրկին նախարարական խորհրդակցություն կանցկացնի երկրում անվտանգության հարցերի շուրջ, ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն վարչապետ Մանուել Վալսը, ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնևը, արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան, ինչպես նաև ոստիկանության, ժանդարմերիայի ու հատուկ ծառայությունների ղեկավարությունը: Վերջին օրերի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ Օլանդը մի շարք նման հանդիպումներ է անցկացրել:

Ահաբեկչությունների և արտակարգ պատահարների շարքը Ֆրանսիայում սկսվեց հունվարի 7-ի առավոտյան Charlie Hebdo-ի վրա գրոհով: Երեք օրում 17 մարդ զոհվեց, այդ թվում 3 ոստիկան: Երկու հատուկ գործողոությունների արդյունքում ոչնչացվեց 3 ահաբեկիչ:

Հունվարի 7-ին զինված հարձակում կատարվեց Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական թերթի փարիզյան խմբագրության վրա: Ըստ տարբեր տվյալների, հարձակվողները երկու կամ երեք տղամարդ են եղել: 12 մարդ է զոհվել, առնվազն 10 մարդ վիրավոր է: Իսլամիստների գրոհը վրեժ էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի համար: Ամսագիրը բազմիցս է ծաղրանկարներ հրապարակել կրոնական թեմաներով՝ հարուցելով իսլամիստների վրդովմունքը: Հարձակման մեջ կասկածյալներ համարվեցին Ֆրանսիայի քաղաքացիներ, ծագումով ալժիրցի եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիները: Երրորդ ենթադրյալ հանցագործը սպասել է մեքենայում: Ավելի ուշ հետախուզում հայտարարվեց 18-ամյա Համիդ Մուրադի հանդեպ, սակայն նա հանձնվեց ոստիկանությանն ու հայտարարեց, որ ալիբի ունի:

Հունվարի լույս 8-ի գիշերը Լեն Ման քաղաքի Սաբլոն թաղամասում անհայտները չորս նռնակ են նետել մզկիթի բակ: Ըստ ԶԼՄ-ների, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 00.30-ին: Հարձակման ժամանակ ոչ ոք չի տուժել:

Հունվարի 8-ին Փարիզի հարավային Մոնռուժ արվարձանում անհայտ տղամարդը ինքնաձիգից գնդակահարեց ոստիկանության աշխատակցուհուն և ճանապարհային ծառայության գործակալին, որից հետո նրան հաջողվեց հեռանալ հանցագործության վայրից: Երիտասարդ կինը զհովեց, իսկ տղամարդը ծանր վիճակում է:

Հունվարի 9-ին անհայտները պատանդ վերցրեցին Փարիզի շրջանի Սենա և Մառնայի դեպարտամենտում: Փոխհրաձգություն տեղի ունեցավ նաև Էնա և Ուազա դեպարտամենտների հարավում: Ավելի ուշ պարզվեց, որ կրակողները կասկածյալ եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիներն են:

Ավելի ուշ Փարիզում ինքնաձիգով զինված տղամարդը կրակ բացեց սուպերմարկետում, որից հետո 5 պատանդ վերցրեց: Ըստ ոստիկանության, հնարավոր է, որ դա նույն անձն էր, որը կրակ էր բացել Մոնռուժում: ԶԼՄ-ները հայտնում են, որ նա կապված է եղել Կուաշի եղբայրների հետ:

17:00-ին ոստիկանությունը սկսեց Դեմարտեն ան Գոելում տպարանի շենքի գրոհը, որտեղ թաքնվել էին եղբայրները: Արդյունքում եղբայրները ոչնչացվեցին: Միևնույն ժամանակ հատուկջոկատայինները Փարիզում գրոհեցին սուպերմարկետը, հանցագործը սպանվեց: Ենթադրվում է, որ դա 32-ամյա Ամեդի Կուլիբալին է: Պատանդներ վերցվեցին նաև Մոնպելիեի ոսկերչական խանութում: Ավելի ուշ հանցագործը հանձնվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---