Թուրքիան հայտարարել է՝ չի կարող կասեցնել ջիհադականների հոսքը Սիրիա իր տարածքով

Թուրքիան հայտարարել է՝ չի կարող կասեցնել ջիհադականների հոսքը Սիրիա իր տարածքով

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ անհնար է կասեցնել օտարերկրացիների հոսքը Սիրիա Թուրքիայի տարածքով, որոնք մեկնում են կռվելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում, հայտնում է Գազետա.ռու-ն Independent-ին հղումով:

Ինչպես հիշեցնում է պարբերականը, Անկարային քննադատում են այն բանի համար, որ նա անհրաժեշտ միջոցները չի ձեռնարկում խանգարելու համար ջիհադականներին Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից Սիրիա հասնելու հարցում: Իր հերթին Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան չի կարող զինվորականներ տեղակայել թուրք-սիրիական 820-կիլոմետրանոց սահմանի ամեն մի հատվածում: «Ամեն դեպքում, սահմանից այն կողմ պետություն գոյություն չունի»,-հավելել է թուրք վարչապետը:

Դավութօղլուն հայտնել է նաև, որ Թուրքիան նախկինում սերտ հարաբերություններ ուներ Սիրիայի ու նրա նախագահ Բաշար Ասադի հետ: «10 տարում Սիրիա եմ այցելել 62 անգամ»,- ասել է վարչապետը և հստակեցրել, որ երկկողմ կապերը փչացան 2011-ին, երբ «Ասադը սկսեց սպանել սեփական ժողովրդին»:

Բացի այդ, Դավութօղլուն կարծիք հայտնեց, որ «Իսլամական պետությունն» առաջացել է Իրաքում պատերազմի և 2003-ից հետո ամերիկյան զորքերի տեղակայումից հետո: Ըստ նրա, Թուրքիան ոչ մի կապ չունի «Իսլամական պետության» վերելքի հետ:

Դավութօղլուն նշել է, որ Անկարան չի սատարում ոչ Ասադին, ոչ «ԻՊ»-ին, և եթե միջազգային հանրությունը մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա, ապա միակ այլընտրանքը «չափավոր ընդդիմադիր ուժերի» զինումն ու մարզումն է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան 23 ավիահարված է հասցրել «ԻՊ» դիրքերին Սիրիայում և Իրաքում:

ԱՄՆ-ն նաև 6 մլն դոլար է հատկացրել սիրիական ընդդիմությանը որպես ֆինանսական օգնություն, հայտնել է Agence France Presse-ը: Հատկացված միջոցները կուղղվեն «գործող սիրիական ընդդիմության կողմից ազատագրված» տարածքներում նախագծերի իրականացմանը, մասնավորապես, սննդամթերք կառաքվի ու հանրային ծառայություններ կմատուցվեն:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---