ՄԱԿ. ՀՀ-ն աղքատության բարձր մակարդակով ԱՊՀ երկրների ցանկում է

ՄԱԿ. ՀՀ-ն աղքատության բարձր մակարդակով ԱՊՀ երկրների ցանկում է

PanARMENIAN.Net - Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի անցումային տնտեսությամբ երկրներում աճում է անհավասարության և աղքատության մակարդակը: Տարածաշրջանի երկրների մեծ մասում կրճատվում է մարդկանց կյանքի տևողությունը միջին համաշխարհայինի համեմատ: Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում ծայրահեղ աղքատության պայմաններում է ապրում բնակչության մեկ քառորդից մեկ երրորդը: Այդ մասին ասվում է ՄԱԿ Զարգացման ծրագրի նոր հետազոտության մեջ:

«Պատմականորեն հետխորհրդային շրջանում այդ երկրներում պահպանվեց եկամուտների հարաբերականորեն հավասար բաշխումը, սոցապահովության լայն տարածումն ու գենդերային անհավասարության համեմատաբար ցածր մակարդակը»,-հայտարարել է ՄԱԿ Զարգացման ծրագրի Ստամբուլում տեղակայված տարածաշրջանային կենտրոնի ավագ խորհրդական Բեն Սլեյը:

Ըստ նրա, այսօր տագնապալի են այդ առավելությունները կորցնելու նախանշանները, իսկ անհավասարության խնդիրները նույն բնույթն են ստանում, ինչ այլ տարածաշրջանների զարգացող երկրներում: Զեկույցի հեղինակները նշում են, որ աղքատությունը «լուրջ խնդիր է մնում ոչ այնքան հարուստ նախկին հետխորհրդային հանրապետություններում»՝ մասնավորապես, Վրաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում:

Փորձագետները նշում են, որ տարածաշրջանի երկրներում հայտնվել են այսպես կոչված «նոր աղքատներ». այդ թվում աշխատող չունեվորները, ներառյալ կրթության, առողջապահության, գիտության ու մշակույթի ոլորտի աշխատակիցներին: Աղքատացման վտանգը հատկապես բարձր է գյուղական շրջանների բնակիչների համար: Տարածաշրջանում նվազում է տղամարդկանց և կանանց կյանքի տևողությունը: «ԱՊՀ արևմտյան երկրներում» տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 1960-ին գերազանցում էր համաշխարհային միջին մակարդակը 12 տարով: 2012-ին այն արդեն 2 տարով պակաս էր միջին համաշխարհային ցուցանիշից:

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների` 2012-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է բնակչության 32.4%-ը (980 հազար մարդ), որից 13.5%-ը` շատ աղքատ (408 հազար մարդ), 2.8%-ը` ծայրահեղ աղքատ (մոտ 85 հազար մարդ): Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր վատ ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի վրա` աղքատության մակարդակը 27.6%-ից (2008 թ.) կտրուկ բարձրացնելով 35%-ի (2011թ.):

Նույն ցուցանիշը 2013-ին 32 տոկոս է կազմել։ Հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչ 2013-ին աղքատ է եղել։ Նրանցից 13.3 տոկոսը համարվում է շատ աղքատ, վերջինների թվից 2.7 տոկոսը` ծայրահեղ աղքատ։ 2014-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը չի կրճատվել:

Երկրում որդեգրված սոցիալական ու տնտեսական քաղաքականության իրականացումը նախատեսում է 2017-ին աղքատության մակարդակը երկրում հասցնել մոտ 24%-ի, 2021-ին՝ մոտ 18%-ի, 2025-ին մոտ՝ 13%-ի: Քաղաքականությունը նախատեսում է ծայրահեղ աղքատությունը 2017-ին հասցնել 2.4%-ի, 2021-ին` 2.1%-ի, 2025-ին՝ 1.8%-ի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---