2015-ին զբոսաշրջության ոլորտում ակնկալվում է 10% աճ. Կառավարությունը 188 մլն դրամ է ներդրել

2015-ին զբոսաշրջության ոլորտում ակնկալվում է 10% աճ. Կառավարությունը 188 մլն դրամ է ներդրել

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունն 2015-ին ակնկալում է զբոսաշրջության ոլորտի 10%-ից ավելի աճ: Այս մասին ՀՀ կառավարության նիստում փետրվարի 12-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության աջակցության ծառայությունների 2015-ի ծրագիրը, որի իրականացման համար ներդրվելու է մոտ188 մլն դրամ:

Նրա խոսքով` ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներն ուղղվելու են զբոսաշրջային ծառայությունների դիվերսիֆիկացմանը, դրանց տեսականու ավելացմանը:

«Փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջային ծառայությունների թիրախավորումը, այսինքն` այս կամ այն տեսակի խթանումը, շատ արագ և դինամիկ պրոցես է, և ՀՀ-ում առաջանում են զբոսաշրջային նոր ուղղություններ: Ծրագիրն այս տարի առավել հատկանշական է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծածավալ միջոցառումներ են տեղի ունենալու: Այս առումով զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսություններն առավել ուշադիր պետք է լինեն: Նրանց աջակցության, որակավորման հարցում առավել կանոնակարգված և համակարգված աշխատանք է տարվելու»,- ընդգծել է Ճշմարիտյանը:

2014-ին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջության ոլորտի 11,3 տոկոս աճ: Նախարարը համեմատել է Վրաստանի հետ, որտեղ աճը կազմել է 7 տոկոս : Նախորդ տարվա ընթացքում մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1.200.000-ը: Աճ է գրանցվել նաև միջազգային այցելությունների մասով:

Միևնույն ժամանակ, ըստ նախարարության ներկայացրած տվյալների, 2013-ին Հայաստան է ժամանել 1.084.188 միջազգային զբոսաշրջիկ` 12.6 տոկոսով ավելի, քան 2012 թվականին: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 941.151 զբոսաշրջիկ` 13.6 տոկոսով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---