Ռազմական մատակարարի հարցում Անկարայի որոշումը կախված կլինի Արևմուտքի արձագանքից Ապրիլի 24-ին

Ռազմական մատակարարի հարցում Անկարայի որոշումը կախված կլինի Արևմուտքի արձագանքից Ապրիլի 24-ին

PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան արտասահմանյան ընկերությունների կողմից Թուրքիայի ՀՕՊ համակարգի համար զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) մատակարարման բազմամիլիարդանոց գործարքի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի ապրիլի 24-ից հետո, երբ անցած կլինեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ռազմական մատակարարի ընտրության հարցում որոշումը կկայացվի՝ կախված Ցեղասպանության հարցի շուրջ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների համապատասխան արձագանքից: Այդ մասին, ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ, փետրվարի 17-ին հայտնել է թուրքական Hurriyet թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրք մի պաշտոնյայի:

Թուրքիան $4 մլրդ արժողությամբ ՀՕՊ և հակահրթիռային 12 համակարգ գնելու տենդեր էր հայտարարել դեռևս 2009 թվականին, մասնակցության հայտ էին ներկայացրել եվրոպական, ռուսական, ամերիկյան ու չինական մի շարք ընկերություններ:

2013-ին հաղթող հայտարարվեց չինական CPMIEC ընկերությունը՝ ներկայացրած ամենաէժան` $3.44 մլրդ առաջարկով: Սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների ճնշման տակ մրցույթի արդյունքները չեղարկվեցին, ու նոր տենդեր հայտարարվեց, որին մասնակցում են ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումն ու եվրոպական Eurosam ընկերությունը:

«Կառավարությունը մինչև ապրիլի 24-ը չի շտապի այդ գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում»,- հայտարարել է թուրքական թերթի աղբյուրը՝ ավելացնելով, որ տվյալ հարցում կարևոր հանգամանք է այն, թե այդ երկրներն ինչպես կարձագանքեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների (Չանաքքալեի ճալատամարտ) 100-ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպվելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին: Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրների նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ::

Ավելի վաղ Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին արդել համաշխարհային առաջնորդներին ապրիլի 24-ին մեկնել ոչ թե Չանաքքալե, այլ Երևան: Ինչպես հայտարարեցին թուրք իրավապաշտպանները, թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում ցանկանում են շեղել աշխարհի առաջնորդների ուշադրությունն ու մոռացության մատնել Ցեղասպանությունը: Թուրքիայի Մարդու իրավունքների միության փոխնախագահ Մերալ Չըլդըրը նշեց, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որպես հաղթանակի կեղծ օր տոնելը անարգում է Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Էրդողանին պատասխան նամակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գրել է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---