Ադրբեջանական մանաթը 34%-ով արժեզրկվել է

Ադրբեջանական մանաթը 34%-ով արժեզրկվել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Կենտրոնական բանկը կտրուկ նվազեցրել է մանաթի փոխարժեքը: 2015-ի փետրվարի 21-ից դոլարի պաշտոնական փոխարժեքը մանաթի հանդեպ կկազմի 1,05 մանաթ 1 դոլարի դիմաց, հայտնում է haqqin.az-ը Ադրբեջանի ԿԲ հաղորդագրության վրա հղումով: Այսպիսով մեկ գիշերում ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 34 տոկոսով

Ըստ տեղեկատվության, որոշումը կայացվել է տնտեսության դիվերսիֆիկացիան խթանելու, արտահանման ներուժն ամրապնդելու և ֆինանսական կայունությունն ապահովելու համար:

«Մանաթի փոխարժեքի շտկումն ուղղված է մեր առևտրային գործընկերները հանդիսացող երկրներում ազգային արժույթների զգալի արժեզրկման բացասական ազդեցության չեզոքացմանը ազգային տնտեսության մրցակցային առավելությունների վրա: Կենտրոնական բանկը կշարունակի մասնակցությունը արժույթի շուկայում հաստատված միջակայքի շրջանակում»,-ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:

Փետրվարի 16-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկը հրաժարվեց մանաթի փոխարժեքը դոլարի հետ կապելուց, ինչը պետք է բերեր արժեզրկման: Պատճառն այն է, որ նավթի գների կտրուկ անկման պատճառով Ադրբեջանն այլևս չի կարող պահպանել մանաթի բարձր փոխարժեքը դոլարի նկատմամբ, երբ 1 դոլարի փոխարժեքը 0.78 մանաթ էր: Արդյունքում Ադրբեջանի բանկերում և փոխանակման կետերում հերթեր առաջացան. մարդիկ շտապում էին ազատվել մանաթից և արտարժույթ գնել: Արդեն փետրվարի 17-ի կեսօրին Բաքվի բազմաթիվ փոխանակման կետերում արտարժույթ չէր մնացել: Մի շարք բանկեր դադարեցրել էին արտարժույթի վաճառքը բնակչությանը:

Մինչդեռ օրեր առաջ Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը հայտարարեց, թե Ադրբեջանում հիմքեր չկան մանաթի երկարատև թուլացման համար: «Մեր արժութային պահուստները կազմում են ՀՆԱ-ի շուրջ 70%-ը և մոտ 2,5 անգամ գերազանցում են շրջանառության մեջ գտնվող մանաթների ծավալը: Ուստի նման իրավիճակը չի վերաբերում Ադրբեջանին, սակայն մենք պետք է արձագանքենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին»,- ասել էր նա:

Ինչպես օերս գրեց «Ազադլիգ» թերթը, տարին Ադրբեջանի տնտեսության համար սկսվել է բացասական ցուցանիշներով: Համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկումը ցույց տվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից անընդհատ թմբկահարվող «նմանը չունեցող տնտեսական զարգացման մասին» հեքիաթների ողջ սնանկությունը: Նավթի վաճառքի վրա հիմնված տնտեսությունը սկսեց քայքայվել հենց նավթի վաճառքի նվազման և արժեզրկման հետ, գրել էր թերթը: Ըստ պարբերականի, միայն հունվարին մանաթի կուրսը կայունացնելու համար Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է ծախսել:

Երկրի արժութային ռեզերվների կրճատումը ևս կապված է նավթի գների նվազման հետ: Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 13 մլրդ 758,3 մլն դոլար: 2013-ի վերջում Ադրբեջանի ԿԲ արժութային ռեզերվները կազմում էին 14 մլրդ 152 մլն դոլար: Այսպիսով, 2014-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռեզերվները նվազել են 2, 78 տոկոսով: 2014-ի դեկտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները նվազել են 1 մլրդ 238 մլն դոլարով, կամ 8,26 տոկոսով:

2014-ի կեսից «սև ոսկին» կորցրեց արժեքի մոտ 50 տոկոսը, ինչը մեծ հարված էր շատ երկրների արժույթին, առաջին հերթին՝ նավթ արդյունահանող: Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ իբն Թալալը հայտարարեց, որ մեկ բարել նավթի արժեքը 100 դոլարի չի հասնի: «Նավթի շուկան գերհագեցած է: Լիբիան նույնպես չի դադարեցրել նավթի արդյունահանումը չնայած քաղաքացիական պատերազմին: Ավելին, նվազել է նավթի պահանջարկը»,-մեջբերել է նրա խոսքը Russia Today-ը:

Ադրբեջանական նավթային ոլորոտը խնդիրների ու աշխատատեղերի կրճատման շեմին է: Մասնավորապես, արդեն հաստատվել է, որ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի Ադրբեջանում British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը: Հստակ տվյալներ կրճատման ենթակա աշխատատեղերի մասին դեռ չկան:

Ադրբեջանի 1915-ի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայումս այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---