ՊՆ. Սահմանին ու շփման գծում իրավիճակը նորից լարվել է, պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը

ՊՆ. Սահմանին ու շփման գծում իրավիճակը նորից լարվել է, պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը

PanARMENIAN.Net - ՀՀ և ԼՂՀ սահմանում իրավիճակը կրկին լարված է, փետրվարի 21-ից հետո ձևավորված փխրուն հանդարտությունը կրկին լարվեց ադրբեջանական կողմի սադրանքներով: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, գրում է Times.am-ը:

«Մի քանի տեղամասում իրականացրած դիվերսիոն փորձերից միայն մեկի դեպքում նրանց հաջողվել է մոտենալ մեր դիրքերին: Ինչպես գիտեք արդեն, արդյունքում մենք երկու զոհ ունենք և խախտումների քանակը Ադդրբեջանի կողմից կրկնապատկվել է: Դժվարությամբ կայունացված իրավիճակը Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է, մենք հրավիրում ենք միջազգային միջնորդական կառույցների ուշադրությունը և կրկին զգուշացնում որ,ադրբեջանական կողմի վրա է ընկնում ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը: Սադրանքից հետո ՊԲ զինծառայողները խոցել են Ադրբեջանի երեք զինծառայողների: Ադրբեջանի սեփական բնակչության նկատմամբ իրականացվող տեղեկատվական կոծկումը այլևս անօգուտ է», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերովքրեական գործ է հարուցվել` հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու անձի սպանության դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն։

Փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11․000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---