2014-ի ցրտահարությունը հիշելով. Մարտին ջերմաստիճանի անկումը չի վնասի պտղատու ծառերին

2014-ի ցրտահարությունը հիշելով. Մարտին ջերմաստիճանի անկումը չի վնասի պտղատու ծառերին

PanARMENIAN.Net - Մարտի սկզբին ջերմաստիճանի անկումը և տեղումները պտղատու ծառերին չեն կարող վնասել, քանի որ այս պահի դրությամբ Արարատյան հարթավայրում ծաղկած ծառեր չկան, իսկ Մեղրիի շրջանում, որտեղ ծիրանենիներն արդեն ծաղկել են, ցրտահարություն չի կանխատեսվում, ասել է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, գրում է Tert.am-ը:

«Լավատեսական տրամադրվածություն ունենք, եթե գրանցվի ջերմաստիճանային այնպիսի ռեժիմ, որը կանխատեսվում է, անհանգստանալու լուրջ առիթ չենք տեսնում։ Բացարձակապես որևէ վնաս այս պահի դրությամբ չկա, հարթավայրում չունենք ծաղկած պտուղներ, ծիրանենին և դեղձենին արդեն բողբոջների ուռչելու պրոցեսում են, բայց դեռևս ամբողջությամբ ծաղկած ծառեր Արարատյան հարթավայրում չունենք»,- ասել է նա։

Փոխնախարարի խոսքով, Տավուշի մարզում միայն բալենին և նշենին են ծաղկել, այնտեղ միայն անձրև է տեղացել և զրոյից բարձր ջերմաստիճան գրանցվել։ Մեղրիում և հարակից ցածրադիր համայնքներում ծիրանենին ծաղկման փուլում է և արդեն իսկ տեղեկացել են՝ գիշերը գրանցվել է +7 աստիճան տաքություն և անձրևի տեսքով տեղումներ են։

«Հույս ունենք, որ ջերմաստիճանի լուրջ անկում չի լինի»,- ասել է Գառնիկ Պետրոսյանը և հավելել, որ մինչև անգամ -7 աստիճան գրանցվելու դեպքում վտանգ չկա. պտղատու ծառերի ծաղիկը հիմնականում դեռևս թեփուկներով պատսպարված է, և ջերմաստիճանի անկման դեպքում, եթե մի փոքր նույնիսկ սպիտակ ծայրեր կան, անմիջապես հետ են քաշվում։

«Ինքնապաշտպանական բնազդ կա բույսի մեջ, և անբարենպաստ ջերմաստիճանին արձագանքում են, հետ կանչում։ Նույնիսկ ցանկալի երևույթ կարելի է համարել ջերմաստիճանի անկումը, քանի որ ցածր ջերմաստիճանի պարագայում մի քանի օր ևս կերկարաձգվի պտղատու ծառերի ծաղկումը»,- ասել է նա: Իսկ ջերմաստիջանի անկում և տեղումներ այս գիշեր սպասում են:

«Որոշ շրջաններում, հանրապետության բարձրադիր գոտում ձյան տեսքով են տեղումներ դիտվել և եթե գիշերը գնա եղանակի պարզեցում, ինչը շատ հավանական է, ապա մինչև 5, 6 և մինչև 7 աստիճան 0-ից ցածր ջերմաստիճան է կանխատեսվում, իսկ եթե լինի ամպամածություն, ավելի մեղմ ջերմաստիճանային ռեժիմ», - ասել է նա և ընդգծել՝ վտանգ չկա:

Մարտի 5-ին արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարաման նախարարության Հիդրոմետ ծառայությունից տեղեկացրեցին, որ հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային, նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք և ցածր տեսանելիություն: Մարտի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով, 7-9-ին կբարձրանա 12-14 աստիճանով:

2014-ի մարտի 30-31-ին հանրապետության ամբողջ տարածքում, մասնավորապես` Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ջերմաստիճանի կտրուկ անկումն անսպասելի զուգորդվել էր հզոր ցիկլոնի, կարկուտի, ձյան առատ տեղումների և ուժեղ քամու հետ: Գյուղացիական տնտեսությունները կրել էին 11 մլրդ 181 մլն դրամի վնաս: Տուժել էր 9185 հա տարածք, 287 համայնք, 3700 տնտեսություն, հիմնականում` Արարատի և Արմավիրի մարզերում։Հիմնական մշակաբույսը, որը լրջորեն վնասվել է, և բերքը կորստի է մատնվել, ծիրանենին է։ Շուրջ 6711 հա տարածքի վրա, կարելի է ասել գրեթե ամբողջությամբ, ծիրանենու բերքը վնասվել էր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---