Բերձորի դեպքով 10 ոստիկան կազատվի աշխատանքից, 25-ը՝ խիստ նկատողություն կստանա. Նոր ավտոերթը դեպի Գյումրի է

Բերձորի դեպքով 10 ոստիկան կազատվի աշխատանքից, 25-ը՝ խիստ նկատողություն կստանա. Նոր ավտոերթը դեպի Գյումրի է

PanARMENIAN.Net - Բերձորի դեպքերի առթիվ ԼՂՀ ոստիկանությունում այսօր՝ մարտի 7-ին կայացած կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է միջնորդել ոստիկանապետին՝ ոստիկանության 25 ծառայողների համապատասխան տույժերի ենթարկելու մասին, նշված է ԼՂՀ ոստիկանության հրապարակած հաղորդագրության մեջ:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները հունվարի 31-ին Երևանից «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթ էին նախաձեռնել դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, սակայն Քաշաթաղի շրջանում բռնության էին ենթարկվել, մեքենաներն էլ վնասվել էին:

ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ կայացած հանձնաժողովի նիստում քննարկվել են «հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումները»:

«Մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները` հանձնաժողովը որոշեց միջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` ոստիկանության 25 ծառայողների ըստ իրենց թույլ տված կարգապահական խախտումների բնույթի և ծանրության աստիճանի ենթարկել համապատասխան տույժերի: Հանձնաժողովի որոշման համաձայն` ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ոստիկանությունում ծառայությունից ազատման, 9-ը` խիստ նկատողության, իսկ 6-ը` նկատողության», - նշված է հաղորդագրությունում:

Իսկ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները վաղ առավոտից դեպի Գյումրի ճանապարհին են՝ 35 մեքենանայով ավտոերթի են դուրս եկել, գրում է Tert.am-ը:

«Չենք բացառում, որ բերձորյան սցենարը կրկնվի»,- ասել է «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարդան Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ իրենց չի թույլատրվել միջոցառումն անցկացնել Գյումրիի Թատերական հրապարակում, ընտրել են այլ վայր:

«Նույն կարգախոսներն են, նույն ծրագիրը՝«Հարյուրամյակն առանց ռեժիմի», նույն դրոշները»,- ասել է Վարդան Հակոբյանը:

Ավտոերթն առաջնորդում է Ժիրայր Սեֆիլյանը՝ իր մեքենայով:

Դեկտեմբերի 31-ի երեկոյան ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն.

«Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով հետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։

Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---