Ադրբեջանի բանակը վերահսկվո՞ւմ է Թուրքիայի կողմից

Ադրբեջանի բանակը վերահսկվո՞ւմ է Թուրքիայի կողմից

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում թուրք հրահանգիչների, հրամանատարների և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականների առկայության մասին տեղեկությունները հետզհետե ավելի բացահայտ են դառնում` չեզոքացնելով ադրբեջանական քարոզչամեքենայի այն թեզը, իբր հայկական պետությունների դեմ ռազմական գործողություններում թուրք զինվորականները որևէ դերակատարում չունեն, հայտնում է Times.am-ը:

Times.am-ին հայտնի են դարձել նոր տեղեկություններ, համաձայն որոնց թուրքական բանակի շուրջ 50 հրահանգիչներ` բրիգադի գեներալ Նեվզատ Թաշդելերի հրամանատարությամբ այսօր գործում են Ադրբեջանում։ Նրանցից երկուսը` Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականների կարգավիճակում են։ Մեկը նույն գործառույթն է իրականացնում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբում։ Երկուական թուրք հրահանգիչներ աշխատում են Ադրբեջանի բոլոր զորատեսակների հրամանատարական կազմի հետ։ Եվս 5 հրահանգիչ` ծառայում են ադրբեջանական հատուկ նշանակության զորքերում։

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանի բանակն ամբողջությամբ գտնվում է Թուրքիայի փաստացի վերահսկողության ներքո։

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը:

Վերջերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական ԶՈւ վերջին դիվերսիայի ժամանակ ոչնչացված ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների թվում եղել է նաև թուրք հատուկջոկատային:

Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով մոտ 4500 կրակոց:

Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ-23-2» զինատեսակը։ Նույն ժամանակահատվածում Արցախի ԶՈՒ մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում։ Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող: Այս գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Մարտի 2-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---