ԶԼՄ-ներ. Տեղական արտադրանքն անմրցունակ է դառնում արժեզրկվող ռուբլու պատճառով

ԶԼՄ-ներ. Տեղական արտադրանքն անմրցունակ է դառնում արժեզրկվող ռուբլու պատճառով

PanARMENIAN.Net - Ռուբլու արժեզրկումն էժանացնում է ռուսական ապրանքների արտահանումը, այդ թվում նաև Հայաստան, քանի որ հայկական դրամի 16-տոկոսանոց նվազեցումը չի կարող չեզոքացնել ռուսական ռուբլու 100-տոկոսանոց թուլացումը, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը:

Ըստ աղբյուրի, ընթացիկ տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 6,3 տոկոսով՝ արտադրվել է 87 մլրդ դրամի ապրանք:

Թերթը նշում է, որ դրամի արժեզրկման պատճառով Հայաստան ներկրվող էժանացած վատ որակի ռուսական ալյուրը տեղում խառնում են ավելի որակյալ ալյուրի հետ և իրացնում: Արդյունքում ալյուրի արտադրությունն ընթացիկ տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 13 տոկոսով, իսկ տեղական արտադրության հրուշակեղենի թողարկումը նվազել է 21 տոկոսով:

«Թալգրիգ» ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը դժկամությամբ ասում է, որ աշխատում են ինչպես նախկինում և նման բան չի զգացել, սակայն, ինչպես ասվում է հոդվածում, վիճակագրական տվյալներն ու ալրաղաց ընկերությունների պահանջարկը հակառակն են վկայում:

Տեղական արտադրանքը ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման պայմաններում կորցնում է մրցունակությունը և դուրս է մղվում նույնիսկ ներքին, սեփական շուկայում: Իսկ գլխավորը՝ աճող ներմուծմանը դժվար է հակադարձել մեր արտահանումով, ասվում է հոդվածում:

Նշվում է նաև, որ նույն թույլ ռուբլու և Ռուսաստանի ընդհանուր տնտեսական վիճակի պատճառով հայկական ապրանքների արտահանումը կորցրել է գրավչությունը, դարձել անեկամտաբեր: Եվ եթե այսօր փորձում են ալկոհոլային խմիչքների՝ գինու, օղու, կոնյակի, որոշ խմբաքանակներ արտահանել ՌԴ, ապա դա արվում է այնտեղի շուկան վերջնականապես չկորցնելու միակ նպատակով:

Այսպիսով, ըստ հեղինակի, «արտաքին առևտրային գործունեության երկու կողմից էլ մեզ «նեղում են», քանի որ արտահանումն անշահավետ է, իսկ ներկրումը՝ շատ էլ ձեռնատու: Իսկ ներկրման աճի հետևանքով կրճատվում է տեղական արտադրությունը»:

Ալյուրից բացի կրճատվում է աղի արտադրությունը, այն նվազել է 37 տոկոսով, սակայն պատճառը՝ անսովոր տաք ձմեռն էր: Հայաստանը աղ չի ներկրում, սակայն լրջորեն նվազել է տեխնիկական աղի պահանջարկը, որն օգտագործվում է ձմռանը ճանապարհները մշակելու համար:

Ինչպես «Գոլոս Արմենիի» թղթակցին է ասել «Ավանի աղի հանք» ՓԲԸ գործադիր տնօրեն և գլխավոր ինժեներ Արմեն Վասիլյանը, նախկինում, թեկուզ անցյալ տարի, Վրաստանը Հայաստանից 3-5 հազար տոննա տեխնիկական աղ էր գնում: Իսկ անցնող ձմռանը պահանջարկը նվազել է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում:

Ըստ հոդվածի, 2014 թ. տնտեսական աճի տեմպերը, որոնք նախորդ տարի 103,4% էին կազմել, դժգոհություն առաջացրեցին բնակչության շրջանում, իսկ այս տարի մնում է միայն երազել նման, թեկուզ փոքր տնտեսական աճի մասին:

Բացի այդ, գրում է թերթը, հունվարին նվազել են դրամական փոխանցումները, ինչը հանգեցնում է ներքին սպառման նվազման:

Խոսքը ՀՀ ԿԲ տվյալների մասին է, որոնց համաձայն 2015 թվականի հունվարին երկրի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները, 2014 թ. հունվարի համեմատ, նվազել են 43.1 տոկոսով՝ կազմելով մոտ 37,2 մլն դոլար:

Հայաստանից Ռուսաստան դրամական միջոցների արտահոսքը հունվարին կազմել է 11,12 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,3 տոկոսով։

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 26 մլն դոլար` 2014 թ. հունվարի համեմատ նվազելով 52,6 տոկոսով:

ԿԲ տվյալներով Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2014 թ. նվազել են 10,7 տոկոսով` մինչև 1,4 մլրդ դոլար։ Միաժամանակ սա 2009 թ. հետո ՌԴ–ից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների առաջին անկումն է։

Ռուսական փոխանցումների կրճատումը պայմանավորված է տարեսկզբից ի վեր ռուբլու` ավելի քան 50 տոկոս արժեզրկմամբ։ Հայաստանում ռուբլու փոխարժեքը հունվարին կազմել է 7,41 դրամ` 2014 թ. հունվարին գրանցված 12,04 դրամի համեմատ։

Կենտրոնական բանկի տվյալներով` 2015 թ. հունվարին երկիր կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է ավելի քան 54,2 մլն դոլար` 2014 թ. հունվարին նվազելով 34,8 տոկոսով։ Կարգավորիչի կանխատեսման համաձայն` ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ. կկրճատվեն 30 տոկոսով։

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս): Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Մինչ օրս դրամի արժեզրկումը շարունակվում է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---