Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարն աբխազական երկաթուղու բացման «3 վտանգի» մասին

Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարն աբխազական երկաթուղու բացման «3 վտանգի» մասին

PanARMENIAN.Net - Աբխազական երկաթուղու վերաբացումը երեք խնդրի հետ է կապված. տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական: Այդ մասին գրում է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը «Գրուզիա Online»-ի կայքում հրապարակված հոդվածում:

Առաջին հերթին Շաշկինը նշում է տնտեսական խնդիրը: «Աբխազական երկաթուղու բացումը ոչինչ չի տա Վրաստանին տնտեսական տեսակետից: Մեր հիմնական առևտրային գործընկերներն են Թուրքիան, Ուկրաինան ու Եվրամիությունը: Նրանցից ոչ մեկը չի օգտվելու այդ երկաթուղուց, ռուսական տարածքից: Թուրքիային դա ձեռնատու չէ աշխարհագրական տեսակետից: Ուկրաինան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ և թույլ չի տա, որ իր բեռները տարանցվեն Ռուսաստանի տարածքով: Նույն իրավիճակն է ԵՄ դեպքում, որը գերադասում է օգտվել ծովային փոխադրումներից: Այսինքն այս երկաթուղու վերագործարկումը ոչինչ չի տալիս մեր երեք հիմնական գործընկերներին:

Ո՞րն է երկաթուղու վերագործարկման թերությունը տնտեսական առումով. Հայաստանի բեռները մտնում են Բաթում կամ Փոթի, երկու այդ նավահանգիստների բեռները կնվազեն, ենթադրվում է, որ կնվազեն նաև Ադրբեջանից եկող բեռները, որոնք նույնպես կարելի է երկաթուղով տեղափոխել՝ խոսքը ռուս-ադրբեջանական բեռների մասին է: Այսինքն, տեսնում ենք, որ տնտեսական առավելություն չկա, իսկ թերությունն այն է, որ կնվազի մեր նավահանգիստների բեռնափոխադրումների հոսքը»:

«Ինչ վերաբերում է քաղաքական փոխզիջմանը. ենթադրենք, որ աբխազական երկաթուղին վերաբացվել է: Աբխազիայի փաստացի իշխանություններն անպայման կասեն, որ բեռները պետք է ստուգեն աբխազ մաքսավորները: Այսինքն, բեռը Վրաստան ներկրելիս կամ արտահանելիս Փսոուի սահմանին անպայման աբխազական կնիք կդրվի: Այս փուլում լավագույն դեպքում այնտեղ շվեյցարական մասնավոր ընկերություն կտեղակայվի, որը կդիտարկի բեռները, բայց դա չի նշանակում, որ այս կողմում աբխազներ չեն լինի, մենք չենք կարող դրան հետևել, ուստի կլինի շվեյցարական կողմ և կանգնած կլինեն աբխազները: Հենց որ աբխազները կնիք դնեն բեռների վրա, քաղաքականապես դա կնշանակի, որ Աբխազիայի անջատողական իշխանություններն արդեն ճանաչված են»,-գրել է Շաշկինը:

Ինչ վերաբերում է երրորդ գործոնին, ապա Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարը կարծում է, որ հենց որ երկաթուղին գործարկվի, կխախտվի ուժերի հավասարակշռությունն Անդրկովկասում: «Դա նշանակում է, որ մեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանը, որի շնորհիվ մենք գազ ունենք, որը մեզ շատ է օգնել պատերազմի ժամանակ, մեզանից շատ խիստ կնեղանա: Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմական իրավիճակում է: Այն, որ Ռուսաստանը միջանցք կբացի դեպի Հայաստան զենք մատակարարելու համար, և գլխավորը, Գյումրիում իր ռազմակայանի մատակարարման համար, բնականաբար, չի ուրախացնի Ադրբեջանին: Եկեք շիտակ ասենք, որ Ադրբեջանի ռեսուրսները շատ ավելի մեծ են, քան Հայաստանինը, և Գյումրիի ռազմակայանը հսկայական օգուտ ունի Հայաստանի համար: Հենց որ ճանապարհ բացվի այն հզորացնելու համար, 100 տոկոսով երաշխավորում եմ, որ մենք կկորցնենք մեր ռազմավարական գործընկերոջը, Ադրբեջանը դա մեջքից հարված կհամարի:

Ամփոփելով արդյունքները՝ բացելով աբխազական երկաթուղին մենք կստանանք հետևյալը. ակնհայտ է, որ տնտեսապես մենք միայն մինուսներ ենք ստանում, գումար ենք կորցնում Փոթիում ու Բաթումում: Մենք ոչինչ չենք շահում տնտեսապես, Ուկրաինան, Թուրքիան ու Եվրամիությունը դրանից չեն օգտվելու, մինչդեռ քաղաքական առումով վտանգ կա, որ մենք կճանաչենք Աբխազիան ու մաքսային կնիքը, և մենք աշխարհաքաղաքական աղետ կստանանք՝ թշնամի դարձնելով ռազմավարական գործընկեր Ադրբեջանին, որի ետևում Թուրքիան է կանգնած: Պետք է հաշվի առնել նաև այն, որ Ադրբեջանը միլիոններ է ներդրել Կարսի ճանապարհի կառուցման համար, որը նույնպես իմաստը կկորցնի, իսկ Ռուսաստանը հենց դրան է ուզում հասնել:

Եվ այս ամենը դեռ հաշվի չառած այն, թե ինչպես դրան կվերաբերվի Վրաստանի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ն Իրանում լարված իրավիճակի դեպքում, սա ևս մեկ թեմա է՝ մենք կստանանք ավելի մեծ մասշտաբի աշխարհաքաղաքական խնդիր: Այսօր Ամերիկան հարաբերություններ է հաստատում Իրանի հետ: Հենց որ Ռուսաստանը սաստկացնի իր դիրքերը Գյումրիում, իրավիճակը կլարվի, քանի որ ՌԴ-ն հնարավորություն կստանա 24 ժամում 100-հազարանոց ռազմական կորպուս տեղափոխել Իրանի տարածք Գյումրիի ռազմակայանի միջոցով, սակայն միայն այն դեպքում, եթե վերագործարկվի աբխազական երկաթուղին…»,-գրում է նա:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992 թ.: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---