Տաքսու անհատ վարորդները 15 կետից կազմված նամակով դիմել են նախագահին

Տաքսու անհատ վարորդները 15 կետից կազմված նամակով դիմել են նախագահին

PanARMENIAN.Net - Տաքսու անհատ վարորդների մի խումբ մարտի 11-ին 15 կետից կազմված նամակ է ներկայացրել նախագահ Սերժ Սարգյանին՝ պահանջելով ուշադրություն դարձնել իրենց խնդրին: «Տվեք մեզ կայանատեղի, ապահովեք մեր մեքենաները հաշվիչով և այլ պարտադիր պարագաներով, ստեղծեք աշխատանքային նորմալ պայմաններ և հետո միայն պարտադրենք մեզ մտնել օրինական դաշտ և վճարել հաստատագրված գումարը», - նշել են նրանք, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թվարկելով տաքսիստների առաջադրած 15 պահանջը՝ Ավտովարորդների պաշտպանության լիգայի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն ու տաքսու վարորդ Արման Գալստանը վստահեցրել են, որ դրանց կատարման դեպքում կհասկանան, թե ինչու են պետությանը վճարում այդ գումարը:

Դեկտեմբերի 26-ին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ հանդիպման ժամանակ ասել էր, եթե այս բարեփոխումներով չկարողանան բավարարել տաքսու վարորդների պահանջները և հարցերը, կնշանակի, որ այդ օրենքի վրա դեռ աշխատելու տեղ կա, սակայն, ըստ նրա, բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել՝ օրենքը ներկայացնում է հենց նրանց շահերը:

«Այդ բոլոր պայմանները մեզ կտրամադրի Տրանսպորտի նախարարությունը, կներկայանանք, պայմանագիր կկնքենք, որ մենք ցանկություն ունենք տաքսի վարելու, որպեսզի մեր ծախսերը թեթևացնենք, ունենանք այդ հաշվիչը։ Հետագայում էլ, եթե էլ չուզենամ էլ տաքսի վարել, էդ ամեն ինչը հետ կտամ»,- ասել է Հովհաննիսյանը։

«Մենք էլ աշխատում ենք, ուզում ենք, որ էս պետության մասնիկը լինելով՝ հարկ վճարենք, բայց չվճարենք հենց այնպես»,- հավելել է Արման Գալստյանը։

Հիմնավորված չեն տաքսին կահավորելու անհրաժեշտ պարագաների գները, պնդում են տաքսիստները։

Մասնավորապես, ինչո՞ւ հենց 2500 դրամով պետք է հաշվիչ կապարակնքել, գովազդի համար 25 հազար դրամ վճարել կամ հենց 55 հազարանոց դրամանոց հաշվիչ գնել, ասում են նրանք։ Հատկապես, չկա որևէ երաշխիք, որ պետական այրերը կարճ ժամանակ անց չեն որոշի մեկ սարքը փոխարինել ուրիշով՝ ավելի նորով: Որպես նախադեպ՝ վարորդները հիշեցրել են պարտադիր դեղին համարանիշները, որոնք այսօր այլևս չեն կիրառվում:

«Մենք ապահովագրված չենք, որ էդ 55 հազարանոց հաշվիչները դնելուց հետո մի տարի անց ուրիշ մի բիզնեսմեն չի հայտնվի և կառավարությունը մեզ չի պարտադրի ձեռք բերել դա»,- ասել է Հովհաննիսյանը։

Վարորդների պնդմամբ՝ նոր օրենքը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում մարզերի և Երևանի վարորդների համար: Մայրաքաղաքում գրանցված տաքսիների համար սահմանված է 12 հազար դրամ վճարաչափ, մարզերում այդ գումարը կազմում է 8000 դրամ: Երևանցի տաքսու վարորդ Արսեն Պետրոսյանն առաջարկում է՝ այդ դեպքում թող վերահսկեն, որ մարզերի վարորդները մայրաքաղաքում տաքսի չվարեն: «Գալիս են Երևան քաղաքում հավասար պայմաններում աշխատում են։ Պետք է էդ անհավասարությունը վերացնեն»,- նշել է Պետրոսյանը։

Հարցին՝ որքանով է իրատեսական, որ պետական այրերը ուշադրություն կդարձնեն պահանջներին, վարորդները պատասխանեցին, որ պայքարելու են մինչև վերջ և արդեն մարտի 15-ին պատրաստվում են հերթական բողոքի ակցիան՝ ավտոերթը անցկացնել Երևանում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---