ԶԼՄ-ներ. ԵՄ-ն արգելափակել է ռուս-հունգարական ատոմային գործարքը

ԶԼՄ-ներ. ԵՄ-ն արգելափակել է ռուս-հունգարական ատոմային գործարքը

PanARMENIAN.Net - Ռուս-հունգարական գործարքը Պակշ քաղաքի մոտ ատոմային էլեկտրակայանի երկու էներգաբլոկի կառուցման վերաբերյալ արգելափակվել է Եվրամիության կողմից, հայտնում է The Financial Times-ը իր աղբյուրների վրա հղումով: Հունգարիան պետք է կամ վառելիքի մատակարարման նոր պայմանագիր կնքի, կամ բողոքարկի Եվրահանձնաժողովի որոշումը:

Ավելի վաղ Եվրոպական ատոմային էներգիայի ընկերակցությունը հրաժարվեց համաձայնեցնել միջուկային վառելիքի ներկրումը Հունգարիա Ռուսաստանից: Հունգարիայի իշխանությունները բողոքարկեցին որոշումը, սակայն ԵՄ անդամ երկրների 28 հանձնակատարներն անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ սատարեցին Եվրոատոմի դիրքորոշմանը: Բանակցությունների մանրամասները գաղտնի էին պահվում, նշում է ՌԲԿ-ն:

Ինչպես ավելի վաղ գրել էր պարբերականը, ԵՄ-ն կարող է վետո դնել գործարքի վրա՝ երկու հանձնաժողովները պարզում էին, թե որքանով է ռուս-հունգարական գործակցությունը համապատասխանում միասնական Եվրոպայի սկզբունքներին: Ինչպես այն ժամանակ հայտնեցին պարբերականի աղբյուրները Բրյուսելում, կասկածի տակ է դրվում պայմանագրի ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական կողմը:

Եվրոպացի պաշտոնյաներին դուր չեկավ այն փաստը, որ Ռոսատոմը ստացավ պայմանագիրն առանց մրցույթի: Բացի այդ, Հունգարիան չէր ստացել ատոմային էներգիայով զբաղվող եվրոպական գործակալության հավանությունը պայմանագիրը ստորագրելու համար: ՌԴ հետ գործարքը վեճերի առարկա դարձավ նաև բուն Հունգարիայում, որտեղ ընդդիմությունը հայտարարեց, որ պայմանագիրը ոչ միայն չափազանց թանկ է, այլ նաև ուժեղացնում է Բուդապեշտի կախվածությունը Մոսկվայից, ասվում է նյութում:

Սակայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոշտ դիրքորոշում որդեգրեց՝ նա ժխտեց մեղադրանքները: Ըստ վարչապետի, ԱՄՆ-ն ցանկանում էր մասնակցել հունգարական նոր ատոմակայանի կառուցմանը և «ցավագին» ընդունեց այն փաստը, որ գործարքից զրկվում է:

«Նրանք ուզում են ներքաշել մեզ մի հակամարտության մեջ, որը ոչ մի լավ բան չի տա մեզ: ԱՄՆ ու ՌԴ հարաբերությունները սառը պատերազմի տեսք են ստանում, իսկ մենք չենք ուզում մասնակցել դրան»,-հայտարարեց այն ժամանակ Օրբանը:

2015-ի մարտի 3-ին հունգարական խորհրդարանը հավանություն տվեց օրենքին, որով 30 տարով գաղտնի կպահվեն Ռոսատոմի հետ պայմանագրի հիմնական դրույթները:

Դեկտեմբերի սկզբին «Ռոսատոմը» երկու նոր բլոկ կառուցելու վերաբերյալ պայմանագիր կնքեց Հունգարիայի հետ: Մոսկվան 10 մլրդ եվրո վարկ պետք է տրամադրի Հունգարիային, որը Բուդապեշտը կսկսի մարել ատոմակայանի բլոկի գործարկումից հետո: Հունգարիա Պուտինի այցի ժամանակ կողմերը պայմանավորվեցին, որ Բուդապեշտը չի վճարի չօգտագործված ռուսական գազի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---