Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները հանդիպել են գլխավոր դատախազին

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները հանդիպել են գլխավոր դատախազին

PanARMENIAN.Net - Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանը մարտի 13-ին հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, գրում է Panorama.am-ը:

«Քանի որ հանդիպմանը զուտ իրավական բնույթի հարցեր էին քննարկվելու, իրավահաջորդների հետ քննարկեցինք և միասին որոշեցինք, որ ավելի նպատակահարմար է գլխավոր դատախազի հետ հանդիպեն հենց փաստաբանները, որպեսզի հանդիպումն արդյունավետ լինի: Մեր նպատակն է գոնե չնչին առաջընթաց գրանցել, որը հնարավոր էր միայն այս ֆորմատով»,- ասել է Երեմ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ավետիսյանների իրավահաջորդները որոշեցին չհանդիպել գլխավոր դատախազի հետ, քանի որ իրենք էին պահանջում այդ հանդիպումը:

Նա որոշ մանրամասներ է ներկայացրել հանդիպումից. «Ընդհանուր առմամբ, քննարկվել են ռուսական կողմում քննվող քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու հեռանկարները, մասնավորապես այն նամակի համատեքստում, որ Հայաստանի գլխավոր դատախազն ուղղել է ռուսաստանցի իր գործընկերոջը: Հայտնեցին, որ պատասախանը դեռ չունեն»:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Քննարկվել է հայ-ռուսական միջպետական համաձայնագրի դրույթները, որոնցում սահմավում են քրեական գործերի քննության իրավասության հարցեր: «Ինչպես գիտենք, այդ համաձայնագիրը որոշակի թերի կարգավորումներ ունի, միանշանակ սահմանված չէ, թե այս պարագայում կոնկրետ ի՞նչ եղանակով պետք է իրավասությունը որոշվի: Թերի կարգավորումների շրջանակում քննարկեցինք, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ առավել հավանական լինի վարույթի փոխանցումը հայկական կողմին», - ասել է փաստաբանը:

Ապօրինի սահմանահատման հետ կապված քրեական գործ հարուցել-չհարուցելու խնդիրը ևս քննարկվել է: « Մենք ժամանակին միջնորդություն էինք ներկայացրել ապօրինի սահմանը հատելու հետ կապված քրեական գործ հարուցել, սակայն հետաձգեց: Փորձեցինք պարզելու, թե ինչո՞ւ: Գլխավոր դատախազը ներկայացրեց իր նկատառումներն այս հարցի վերաբերյալ: Քրեական գործում առկա որոշակի տվյալներ հադորդեցին, որոնց մասին մենք չգիտեինք», - ասել է Երեմ Սագսյանն ու նկատել, որ այս համատեքստում որոշակի գործողությունների անհրաժեշտությոն կծագի:

Երկու քրեական գործերի առկայության պայմաններում՝ հայկական և ռուսական, գործի քննության արդյունավետության հարցին և թե որքանով է հայկական կողմը կարողանում ազատորեն առնչվել Պերմյակովի հետ նույնպես անդրադարձ է եղել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր փաստերի, հանգամանքների ի հայտ գալուց հետո քննարկման անհրաժեշտություն լինելու դեպքում կրկին նման ֆորմատով հանդիպել:

«Եղած իրադրության պայմաններում այս քննարկումները որոշակի առումով համարում ենք արդյունավետ, թեև առարկայական առաջընթաց չկա: Բայց քննարկումների արդյունքում կարողանում ենք ձևավորել մեր դիրքորոշումները, հասկանալ, թե որոնք պետք է լինեն մեր հետագա քայլերը»,- ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը: Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---