Մերկել. Արևելյան գործընկերության նախագիծն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

Մերկել. Արևելյան գործընկերության նախագիծն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

PanARMENIAN.Net - Եվրամիության Արևելյան հարևանության ինտեգրացիոն ծրագիրն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, գործընկերության երկրներին ԵՄ կամ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու նպատակ չի դրվում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Մարտի 19-ին ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ ելույթ ունենալով բունդեսթագում կառավարության հայտարարությամբ ՝ Մերկելը հիշեցրել է, որ մայիսին Ռիգայում կայանալու է Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, իսկ ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագրերն արդեն ստորագրել են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան:

«Այդ համաձայնագրերի նպատակն է եվրոպական աջակցությունն իրավական պետության և հաջողակ տնտեսության կայացմանը՝ ապահովելու համար այդ երկրներում ապրող մարդկանց համար ավելի լավ ապագա: Անդամակցություն ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին չի նախատեսվում: Արևելյան գործընկերությունը, և դա անփոփոխ է, ուղղված չէ որևէ մեկի դեմ»,-հայտարարել է կանցլերը: Ըստ նրա, նա ափսոսում է ՌԴ նախագահ Պուտինի դիրքորոշման համար, որը «հանգեցնում է առանձին երկրների որոշումները ԵՄ հետ ասոցացման վերաբերյալ «Ռուսաստանի հետ կամ առանց նրա» հարցին», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Խոսքը «կամ-կամ» հարցի մասին չէ: Խոսքը և մեկի, և մյուսի մասին է, մի որոշման, որը կարող է բոլորի համար շահավետ լինել»,-ասել է Մերկելը:

Ավելի վաղ Եվրամիությունը հրապարակեց Արևելյան գործընկերության ծրագրին մասնակցող երկրների եվրաինտեգրման վարկանիշը 2014-ի համար: Հայաստանի դիրքերը նույնն են մնացել՝ 6 երկրների թվում նա զբաղեցնում է չորրոդ տեղն առաջ անցնելով միայն Ադրբեջանից ու Բելառուսից, որոնք ամենավատ ցուցանիշներն ունեն:

Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009թ. մայիսի 7-ին Պրահայում կայացած ԵՄ և Արեւելյան գործընկեր պետությունների ղեկավարների գագաթնաժողովով, որի ընթացքում ընդունվել է համատեղ հռչակագիր: Մասնակցում է հետխորհրդային 6 երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան ու Ուկրաինան: Նրանք հանձնառություն են ստանձնել հետևել ԵՄ չափանիշներին ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում:

Զեկույցի հեղինակներն այս երկրները բաժանել են 2 խմբի: Առաջին խմբում են Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան, որոնք ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը և չեն թաքցնում Եվրոպային որքան հնարավոր է շատ մերձենալու ձգտումը: Երկրորդ խմբում են Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը, որոնք բոլոր ուղղություններով երկխոսության մեջ են ու գործակցում են ԵՄ հետ, սակայն չունեն հստակ եվրոպական մղումներ և չեն ցանկանում խորացնել հարաբերությունները ԵՄ հետ:

Մոլդովան գերազանցում է բոլոր երկրներին մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգի կայացման, ժողովրդավարացման ոլորտներում:

«ԵՄ հետ հարաբերությունները խորացնելուց հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի որոշումը կայացվել է Մոսկվայի ճնշման ազդեցությամբ, իսկ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությունը թույլ չի տալիս անդամ երկրներին ազատ առևտրի մասին համաձայնագիրր կնքել ԵՄ անդամ երկրների հետ»,-ասվում է զեկույցում: Այնուամենայնիվ զեկույցի հեղինակները որոշակի առաջընթաց են գրանցել Հայաստանի մի շարք ոլորտներում: Աննշան հաջողություններ են գրանցվել ԵՄ չափանիշներին օրենսդրական և պետական համակարգերը համապատասխանեցնելու գործում, սակայն, ասվում է նաև, որ նախկինի պես խնդրահարույց է մնում մամուլի ու հավաքների ազատության հարցը Հայաստանում:

Ըստ զեկույցի, հետընթացը հիմնականում պայմանավորված է ԵՏՄ-ին միանալու որոշմամբ: Միևնույն ժամանակ, ասվում է, որ Հայաստանը Արևելյան գործընկերության վեց անդամ երկրներից ամենաակտիվն է ԵՄ առաջարկած ծրագրերում, բացառությամբ էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտների, որոնց Հայաստանը գոծնականում չի մասնակցում, հայտնում է Armenia Today-ը:

ԵՄ-ն կշարունակի «ավելին՝ ավելինի դիմաց» մոտեցումը, ավելի մեծ քաղաքական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելով այն երկրներին, որոնք առավել ակտիվ կշարունակեն բարեփոխումները, ասվում է զեկույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---