ՀԴՇ-ում Հայաստանի գլխավոր հյուպատոսը դատապարտել է Ռուս-հայկական բարեկամության թանգարանի հրկիզման փորձը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ի երեկոյան Դոնի Ռոստովում` ՌԴ Հարավային դաշնային շրջանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքում, հավաքվել էին քաղաքի հայ մտավորականության ներկայացուցիչներն ու լրագրողները դաշնային նշանակության մշակույթի հուշարձանի` Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցու տարածքում գտնվող Ռուս-հայկական բարեկամության թանգարանի պղծման եւ հրկիզման փորձի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման համար:



Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ՀԴՇ-ում ՀՀ հյուպատոս Արարատ Գոմցյանը հանդես է եկել վանդալիզմի գործողությունների դատապարտմամբ եւ ներկաներին կարդացել է իր ուղերձը քաղաքային իշխանություններին, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին` խնդրելով միջոցներ ձեռնարկել մեղավորների հետապնդման եւ պատժման համար: Հայկական սփյուռքի անունից ելույթ են ունեցել քաղաքային հայկական համայնքի նախագահ Արտեմ Սուրմալյանը եւ պրոֆեսոր Մինաս Բաղդիկովը:



Հուշարձանների պաշտպանության Ռոստովի շրջանային ընկերության նախագահ Ալեքսանդր Կոժինը նշել է, որ 18-րդ դարի հուշարձանների պղծումը սարսափեցնող փաստ է: Նրա խոսքերով, Սուրբ Խաչը հանդիսանում է 18-րդ դարի ճարտարապետության միակ հուշարձանը Ռոստովի շրջանում:



Հիշեցնենք, որ Դոնի Ռոստովում ոճրագործները հուլիսի 31-ին վնաս են հասցրել դաշնային նշանակության մշակույթի հուշարձանին` Ռուս-հայկական բարեկամության թանգարանին, որը գտնվում է Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում: Թանգարանի աշխատակիցները, գալով աշխատանքի, հայտնաբերել են եկեղեցու պատերին եւ բակում ասֆալտի վրա գրված հետեւյալ` «եկել է սպիտակ արդարադատության ժամանակը», «Ռուսաստանը ռուսների համար», «վերջ խաչիկներին» արտահայտությունները: Ներս մտնել վանդալները չեն կարողացել, ջարդելով միայն պատուհանները: Ջարդվել եւ հրկիզվել են նաեւ հինգ մետաղապլաստե լուսամուտներ: Ըստ փորձագետների, կատարվածը սքինհեդների ձեռքի գործն է, սակայն, իրավապահ մարմինները դեռեւս վարկածներ չեն առաջարկում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---