Գյումրիի գործ. Ապացույցների հիմնական մասը հայկական կողմում է

Գյումրիի գործ. Ապացույցների հիմնական մասը հայկական կողմում է

PanARMENIAN.Net - Հայ իրավապահների անգործության շնորհիվ ունենք մի իրավիճակ, որ երկու կողմի՝ հայկական և ռուսական, մեծագույն ցանկության դեպքում էլ Ավետիսյանների սպանության գործի բազմակողմանի քննությունը հարցականի տակ է դրված, այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքով, այս գործում ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ինչպես է Պերմյակովը հայտնվել ռուսական կողմում, ինչի հետևանքով էլ առաջացել է իրավաբանորեն ոչ ճիշտ իրավիճակ, հարուցվել է քրեական երկու գործ: «Նման վիճակ ստեղծվել է հայ իրավապահների անգործության շնորհիվ: Երկու կողմն է փորձում է լուծումներ գտնել, որպեսզի հնարավոր լինի օգտագործել մեկը մյուսի ապացույցները բազմակողմանի քննության համար: Ապացույցների հիմնական մասը գտնվում է հայկական կողմում, բայց մի մասն էլ ռուսական կողմի մոտ է»,- ասել փաստաբանը: Ըստ նրա, չի կարող գտնվել որևէ իրավաբան, ով կարող է ասել, թե որն է այս գործի իրավական լուծումը. «Այս գործում իրավաբանական լուծում չի կարող լինել, թեև կողմերը փորձում են ստեղծված իրավիճակում համատեղ լուծումներ գտնել»:

Ավետիսյանների գործով դատաձգաբանական եզրակացությունների արդյունքների համաձայն, դեպքի վայրում հայտնաբերված 28 պարկուճն արձակվել է նույն ինքնաձիգից, որն ամարկցված է եղել ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին և որը հայտնաբերվել է դեպքի վայրում, փորձաքննության մասին մանրամասներ է ներկայացրել Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը:

Գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, Պերմյակովի քրտինքը և դեպքի վայրում հայտնաբերված հագուստի, կոշիկների վրայի քրտինքի հետքերը խմբային նույն պատկանելիությանն են: Սակայն 100 տոկոսով հստակություն կլինի, երբ լինեն դատագենետիկական փորձաքննության արդյունքները:

Իրավահաջորդների ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանն ասել է, որ դատակենսաբանական փորձաքննության են ենթարկվել դեպքի վայրում հայտնաբերված մի շարք օբյեկտներ, նաև զինվորական հագուստի, գլխարկի վրա հայտնաբերված մազերը: Պարզվել է, որ բոլորը թողնված են կոնկրետ այն խմբի արյուն ունեցող անձի կողմից, որն ունի Պերմյակովը: Երեք իրի վրա հայտնաբերվել է թքի առկայություն, որը կրկին նույն խմբի արյուն ունեցող անձի կողմից է թողնված, որն ունի Պերմյակովը: Ե. Սարգսյանն ասել է, որ միայն բոլոր տվյալների համակցության ամբողջությամբ կարող են պարզել, թե իրականում Պերմյակովն է այնտեղ եղել, թե ոչ: Այս առումով նա կարևորել է նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքները, որոնք կլինեն մոտ ժամանակներում:

«Ինչ ունենք այս պահին. նախ այն, որ բոլոր կրակոցներն արձակվել են նույն ինքնաձիգից, որն ամրակցված է եղել Պերմյակովին, որը հայտնաբերվել է դեպքի վայրում: Չունենք որևէ եզրակացություն, որը հերքի Պերմյակովի՝ այնտեղ գտվելը կամ որ մեկ ուրիշն է կրել նրա հագուստը: Իսկ մնացած հարցերի պատասխաններն ակնկալում ենք գենետիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո»,- ասել է Ե. Վարոսյանը: Ինչ վերաբերում է Պերմյակովի մոտ հայտնաբերված բջջային երեք հեռախոսին, Ե. Սարգսյանն ասել է, որ այս պահին այդ հեռախոսները գտնվում են ռուսական կողմի մոտ:

«Իրականում շատ կարևոր է ինչպես այդ հեռախոսների, այնպես էլ Պերմյակովի՝ գտնվելու ժամանակ կրած հագուստի ճանաչումն իրավահաջորդների կողմից: Եթե իրականում դրանք ճանաչվեն իրավահաջորդների կողմից, հետևաբար, իրոք, դրանք տարվել է այդ տանից, ինչը կխոսի այն մասին, որ Պերմյակովը գտնվել է այդ տանը: Իսկ այն, որ հագուստներն ու բջջայինները ռուսական կողմի մոտ են, տրամաբանական է, քանի որ հենց նրանք են հայտնաբերել Պերմյակովին»,- ասել է Լ. Սահակյանը՝ հավելելով, որ այն պահից սկսած, երբ ինչ որ գործողություններից հետո դրանք հայտնվեն հայկական կողմում, կատարվի ճանաչում, այս գործը հնարավոր կլինի ավելի բազմակողմանի քննել: Հարցին, թե Պերմյակովի հոգեկան առողջության վերաբերյալ որևէ եզրակացությո՞ւն կա, Լուսինե Սահակյանը պատասխանել է, որ Հայաստանում իրականացվող քննությունը, այս վարույթի շրջանակներում դեռևս չի նշանակվել փորձաքննություն: Միաժամանակ հավելել է, որ տուժողների ներկայացուցիչների հետ քննարկում են նման միջնորդություն ներկայացնելու հարցը, սակայն դա ևս պետք է համապատասխան փուլում լինի:

Արդյո՞ք խլացուցիչ օգտագործվել է, թե՞ ոչ. Ե. Վարոսյանն ասել է, որ դա կպարզվի հետքաբանական փորձաքննությամբ, որի արդյունքը դեռ չեն ստացել:

Պերմյակովը չբերվեց դեպքի վայր՝ տեղազննության համար, հայկական կողմը չի՞ փորձելու որևէ միջնորդություն ներկայացնել, Լ. Սահակյանը պատասխանելով հարցին, ասել է. «Անպայման չէ, որ բոլոր քրեական գործերի դեպքում լինի դեպքի վայրի զննություն: Դա որոշվում է քննիչի կողմից գործի քննության ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում: Որոշ դեպքերում նույնիսկ սխալ է, որ անձը բերվում է դեպքի վայր. ցուցմունք է տալիս առանց դեպքի վայրն իմանալու, երբ տեսնում է ու արդեն որոշակի պատկերացում է կազմում, հետագայում շտկում է իր ցուցմունքը: Այսինքն դա կարող է նույնիսկ վնասել քրեական գործին»:

Ինչ վերաբերում է քննության նկատմամբ եղած վստահությանը, Երվանդ Վարոսյանն ասաց, որ հայկական կողմից վարույթ իրականացնող մարմինն իրենց հետ համագործակցության եզրեր փորձում է գտնել, թույլ են տվել ներկա լինել բոլոր փորձաքննություններին:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---