Գլխավոր հատակագծերի հաստատման կարգում փոփոխություն կլինի. Կառուցապատման ներդրումային դաշտը կբարելավվի

Գլխավոր հատակագծերի հաստատման կարգում փոփոխություն կլինի. Կառուցապատման ներդրումային դաշտը կբարելավվի

PanARMENIAN.Net - Այսօր՝ ապրիլի 2-ին, Կառավարությունը հաստատել է 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Այն ներկայացնող քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշել է, որ նպատակն է կառուցապատման ներդրումային դաշտը բարելավել, անհարկի գործառույթները կրճատել, և ներկայացվում է գլխավոր հատակագծերի հաստատման, առանձին դրույթների փոփոխման և մասնավորապես հողերի կատեգորիաների կամ նպատակային նշանակության փոփոխության կամ հողամասերի գործառնական նշանակության փոփոխությանը վերաբերող գործառույթները:

Նրա կարծիքով, որոշումով զգալի կրճատվում են այս գործառույթները, բարելավում է ներդրումային դաշտը և նաև անհարկի բոլոր կրկնությունները և ոչ նպատակահարմար գործառույթները վերացվում են: Որոշումը քննարկվել և նախագծվել է օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի հետ, գրում է Tert.am-ը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրել է, թե քանի համայնքներում կան գլխավոր հատակագծեր, ինչին ի պատասխան նախարարը հայտնել է՝

49 համայնքից գլխավոր հատակագծեր ունի 43-ը, իսկ գյուղական 866 համայնքից՝ մոտավորապես 60-ը:

«Մինչ հիմա հատակագծի ցանկացած փոփոխություն արվում էր նույն պրոցեդուրաներով, ինչ-որ գլխավոր հատակագծի հաստատման համար էր արվում, ինչը շատ ծանր գործառույթ էր և ամիսներ էր տևում, հիմա մենք պարզեցրել ենք շատ»,- ասել է նա:

Վարչապետը նկատել է, որ գյուղական համայնքների մեծ մասը հնարավորություն չեն ունենալու վճարել գլխավոր հատակագիծ ձեռք բերելու համար, թեև դա իրենց շահերից է բխում և ազատվում են իրենց նախագծերը տարբեր նախարարությունների կարծիքին ուղարկելուց:

«Հիմա տեսնում ենք, որ սայլը տեղից չի շարժվում օբյեկտիվ պատճառներով, որ համայնք կա տասը, քսան, կամ հինգ միլիոն բյուջե ունի և պարզ է, որ չի կարողանալու այդ գումարը տրամադրել գխավոր հատակագիծ ձեռք բերելու համար»,-ասել է նա և առաջարկել այդ հարցը քննարկել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ֆինանսների նախարարության հետ:

«Մտածեք, քննարկեք, մենք այս հարցում առաջընթաց չենք գրանցել և սպասելով՝ ոչ մի հաջողության չենք հասել»,-ասել է վարչապետը:

Նարեկ Սարգսյանն արձագանքել է, որ ռազմավարությունը լիարժեք ձևավորված է և շուտով քայլերը կանեն:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ գործող օրենքի 14.3-րդ հոդվածի պահանջների` համայնքի գլխավոր հատակագիծը, հանդիսանալով ռազմավարական բնույթի քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ, սահմանում է համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները, քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի օգտագործման ռեժիմները, պարտադիր պահանջներն ու սահմանափակումները, հողատարածքների կառուցապատման առաջնահերթ (մինչև 5 տարի) միջնաժամկետ (5-10 տարի) և հեռանկարային (10-15 տարի) փուլերը, համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի նպատակային նշանակությունը և (կամ) դրանց փոփոխությունները` օրենքի և սույն կարգի պահանջների ապահովմամբ:

Գյուղական համայնքների համար գլխավոր հատակագիծը մշակվում է պարզեցված կազմով՝ սահմանելով տարածական զարգացման երաշխավորված անվտանգութան, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման կանոնակարգման ու արդյունավետ կառավարման ապահովմանն ուղղված օրենքով և սահմանված կարգով նախատեսված նվազագույն պարտադիր պահանջները: Այն մշակվում է համայնքի բյուջեի, ինչպես նաև oրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---