Մոսկվայում մեկնարկել են միջսիրիական բանակցությունները. Կարծիքների փոխանակումը փակ կլինի

Մոսկվայում մեկնարկել են միջսիրիական բանակցությունները. Կարծիքների փոխանակումը փակ կլինի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը: Կարծիքների փոխանակումն, ինչպես և նախկինում, փակ կլինի մամուլի համար: Ի տարբերություն «Մոսկվա-1»-ի, այս փուլի օրակարգը հաստատված է:

Հունվարի 26-29-ի հանդիպումների արդյունքում հրապարակվեցին «մոսկովյան սկզբունքները», որոնք, մասնավորապես, ներառում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հակազդեցությունն ահաբեկչությանը և արտաքին միջամտության բացառումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ապրիլյան փուլի մեկնարկի շեմին այս կետերը գնալով ավելի հաճախ էին հնչում պաշտոնական Դամասկոսի վերջին հայտարարություններում:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ավելի վաղ հայտարարել էր, որ «արևմտյան մի շարք երկրներ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում ամեն ինչ արել են Սիրիայում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում պատերազմ սանձազերծելու համար»: «Երբեմն ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, երբեմն ապստամբած ժողովրդին սատարելու քողի տակ, որոնք շրջանառվում են արևմտյան ԶԼՄ-ներում»,-ասել էր Ասադը:

Սիրիայի նախագահը կարևորում է ընթացող բանակցությունները: «Ռուսական նախաձեռնությունը կարևոր էր, քանի որ հաստատեց հավատարմությունը քաղաքական կարգավորմանը: Այդպիսով ձախողվեցին բոլոր նրանց ծրագրերը, ովքեր Արևմուտքում, հատկապես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու Բրիտանիայում, պատերազմի կոչ էին անում»,-հայտարարել է նա:

Ասադը նշեց, որ երկխոսությունը պետք է միջսիրիական մնա, առանց արտաքին միջամտության: Համաներմամբ 633 մարդու ազատ արձակումը վկայում է, որ Դամասկոսը շահագրգռված է, որ բանակցությունները հաջող ընթանան: Մոսկվան ևս ողջունեց այդ քայլը:

Ըստ Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆեյսալ Մեկդադի, Սիրիան չի փակում դուռը նրանց համար, ով ցանկանում է վայր դնել զենքը:

Մինչդեռ, ինչպես ՏԱՍՍ-ին ասել է Սիրիայի «Հանուն փոփոխությունների ու ազատագրման ժողովրդական ճակատի» ղեկավար Քադրի Ջամիլը, նրա գլխավորած ճակատը Մոսկվայում բարձրացնելու է ընդդիմության ներկայացվածության հարցը Ժնևի ձևաչափում:

Իսկ իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ. ահաբեկիչները գրավել են Իդլիբը, մարտեր են ընթանում Դամասկոսի, Համայի, Հոմսի արվարձաններում: Գրաված քաղաքներում գրոհայինները դաժան սպանություններ են գործում խաղաղ բնակչության շրջանում, կողոպտում են մարդկանց: Մինչդեռ Արևմուտքը համառորեն փորձում է զինյալների թվից «չափավորների» կորզել, որոնց հնարավոր կլինի մարզել ու զենք մատակարարել:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---