ԱՄՆ կոնգրեսականները շարունակում են աջակցել ԼՂՀ-ին` անկախությանը ձգտելու հարցում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 15-ամյակի առթիվ ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ ժողովրդին եւ նախագահին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Ուղերձում, մասնավորապես, ասվում է .



«Հարգելի՛ նախագահ Ղուկասյան,



Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին եւ կառավարությանը, նաեւ անձամբ Ձեզ ԼՂՀ անկախության 15-ամյակի առթիվ: Այդ պատմական տարեթիվը իրենից ներկայացնում է ազատության համար ձեր պայքարի կարեւոր շրջանը: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հայտարարեց սեփական անկախ պետությունն ունենալու մտադրության մասին: Այդ հռչակագրով Արցախի հերոսական ժողովուրդն արտահայտեց ազատ ապրելու իր որոշումը:



Դուք պաշտպանեցիք ձեր ազատ ապրելու իրավունքը` հաջողությամբ դիմակայելով ադրբեջանական ռազմական ագրեսիային: Ձեր ժողովրդի բազմաթիվ խիզախ որդիներ եւ դուստրեր իրենց կյանքը զոհեցին արցախյան հողում ազատության հաղթանակի համար:



Արդար գործի նկատմամբ անհողդողդ հավատը, ձեր` ամենալավ խոսքերի արժանի համառությունը հնարավորություն տվեցին մեծ հաղթանակների հասնել նաեւ պատերազմից քայքայված տնտեսության վերականգնման, հետագա զարգացման եւ բարգավաճման ամուր հիմքերի ստեղծման ու ամրապնդման գործում: Անցած 15 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ապացուցեց իր կենսունակությունը եւ հավատարմությունը ազատության, խաղաղության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ունիվերսալ արժեքներին:



Մենք մշտապես ձեզ հետ ենք եղել ազատության համար ձեր պայքարում եւ շարունակում ենք աջակցել ձեզ ձեր անկախության միջազգային ճանաչմանը հասնելու ազնիվ ձգտման հարցում: Մենք հավաստում ենք, որ հետագայում էլ ակտիվորեն աջակցելու ենք Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամրապնդմանը եւ զարգացմանը, եւ անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ անկախ Արցախի դրոշը հպարտորեն ծածանվելու է աշխարհում` որպես ձեր իղձերի իրականացման խորհրդանիշ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---