4 սեպտեմբերի 2006 - 16:22 AMT
Հարավային Օսեթիայում գնդակոծվել է այն ուղղաթիռը, որտեղ գտնվում էր Վրաստանի ՊՆ ղեկավարը
Վրաստանի Պաշտպանության նախարարության Մի-8 ուղղաթիռը, որտեղ գտնվում էին երկրի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին եւ Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գնդապետ Զազա Գոգավան, սեպտեմբերին 3-ին, մոտավորապես 15:00-ին գնդակոծվել է Սաչխերե բնակավայրի մոտ (Իմերեթիի շրջան) հարավ-օսական կողմից: Ինչպես հաղորդել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում, պաշտպանության նախարարը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը ուղեւորվում էին Սենակիի ռազմակայան (Արեւմտյան Վրաստան): Սաչխերե շրջանում հարեւան Զնաուրիի շրջանից խոշոր տրամաչափի հրանոթից գնդակոծվելուց հետո, ուղղաթիռը վնասվել է եւ օդաչուն ստիպված վայրէջք է կատարել Գորի քաղաքում: Գնդակոծման ժամանակ հինգ-վեց գնդակ դիպել է ուղղաթիռին, մի քանի րոպե ուղղաթիռն անկման ռեժիմում է գտնվել, որից հետո օդաչուին հաջողվել է վերականգնել կառավարումը, ուղղել մեքենան եւ վայրէջք կատարել: Գնդակոծման ժամանակ ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Գորիում վայրէջք կատարելուց հետո, Վրաստանի պաշտպանության նախարարը հանդես է եկել լրագրողների առջեւ հակիրճ մեկնաբանությամբ: «Օսական կողմը սովոր է հայտարարություններ անել, թե վրացական կողմը խախտում է նրանց օդային տարածքը, ինչն անհեթեթություն է: Կրակոցը կատարվել է օսական ավազակային խմբավորումների կողմից, որոնց գործողությունները շուտով կկասեցվեն: Հարավօսական կողմը ստիպված կլինի պատասխանել այս միջադեպի համար եւ համապատասխան բացատրություններ տալ»,-ասել է Օքրուաշվիլին:

Մինչդեռ, կիրակի օրը Հարավային Օսեթիայի տեղեկատվության եւ մամուլի կոմիտեի կայքում զետեղվել է հաղորդագրություն այն մասին, որ սեպտեմբերի 3-ին 15:40-ին Զնաուրիի շրջանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ուղղաթիռը խախտել է Հարավային Օսեթիայի հանրապետության օդային տարածքը: «Վայրէջք կատարելու, կամ երթուղին փոխելու բազմակի առաջարկներին օդաչուները չեն արձագանքել: Քանի որ Վրաստանի կողմից Հարավային Օսեթիայի օդային տարածքի խախտումները զանգվածային բնույթ են ստացել, վերջին հինգ ամիսների ընթացքում վրացական կողմը 240 անգամ խախտել է Հարավային Օսեթիայի օդային տարածքը, օսական կողմը համարժեք միջոցներ է ձեռնարկել: Ուղղաթիռը խփվել է ՀՕ Զնաուրիի շրջանի Իսակիկաու շրջանում»,-ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ընդ որում նշվում է, որ պատահարի վայր են մեկնել ՀՕ ՆԳՆ քննչական խումբը, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: