Թուրքիայում 92 տարում ազգային փոքրամասնություններից 24 պատգամավոր է ընտրվել

Թուրքիայում 92 տարում ազգային փոքրամասնություններից 24 պատգամավոր է ընտրվել

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված պատգամավորի թեկնածուների ցուցակներում ուշագրավ է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առկայությունը: Թուրքիայի Հանրապետության հիմումից ի վեր (1923)` 92 տարվա ընթացքում Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ -TBMM) պատգամավոր է ընտրվել ազգային և կրոնական փոքրամասնությունների 24 ներկայացուցիչ: Ըստ այդմ` թուրքական մեջլիսի առաջին հայ ( և ընդհանրապես՝ ոչ թուրք) պատգամավորը եղել է Պերճ Քերեսթեճյանը: Նա պատգամավոր է ընտրվել 1935-ին և երեք անգամ վերընտրվել որպես Աֆյոնքարահիսար շրջանից առադրված թեկնածու: Միակուսակցական շրջանում Քերեստեճյանից բացի Թուրքիայի խորհրդարանում կար փոքրամասնությունների ևս 5 ներկայացուցիչ` 2 հույն, 2 հրեա, 1 թուրք ուղղափառ, CnnTurk լրատվական ծառայությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը:

1946-ին Թուրքիայի առաջին բազմակուսակցական ընտրություններում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջադրմամբ պատգամավոր ընտրվեց 2 հույն՝ Նիկոլա Ֆակաչելլին և Վասիլ Կոնոսը: Սակայն վերջինս շատ արագ հրաժարական տվեց: 27 տարվա միակուսակցական շրջանին վերջ դրած «Դեմոկրատական կուսակցության» (ԴԿ - DP) կառավարության ընթացքում թուրքական մեջլիսում պատգամավորական մանդատ է ստացել ընդհանուր առմամբ փոքրամասնությունների 10 ներկայացուցիչ:

1950-ից մինչև 1960-ի մայիսի 27-ի հեղաշրջումը Թուրքիայի խորհրդարանում կար 4 հրեա, 3 հույն և 3 հայ պատգամավոր: Հեղաշրջումից հետո փոքրամասնությունների ևս 3 ներկայացուցիչ տեղ գտան մեջլիսում:

Թուրքիայի հանրապետական շրջանում մեջլիսում ընտրված փոքրամասնությունները ներկայացնող առաջին կին պատգամավորները եղել են հրեա Էրոլ Դիլեքը, հույն Քալուդի Լասկերին և հայ Հերմինե-Աղավնի Գալուստյանը:

1961-ի ընտրություններով Թուրքիայում սկիզբ դրվեց երկպալատ խորհրդարանի սկզբունքին: Հայկական ծագում ունեցող Պերճ Սահակ Թուրանն այդ շրջանում սենատի անդամ էր և պաշտոնավարեց մինչև 1964-ը: Հետագա 31 տարվա ընթացքում ԹԱՄԺ-ում որևէ փոքրամասնության ներկայացուցիչ որևէ պատգամավոր չի ընտրվել: Եվ միայն 1995-ին հայտնի արդյունաբերող Ջեք Քամհինի որդին՝ Քեֆի Քամհինի պատգամավորությամբ ընդհատվեց այդ դադարը: Քամհինը պաշտոնավարեց 4 տարի, ինչից հետո նորից, մինչ 2011-ը թուրքական մեջլիսում այլազգիներ չհայտնվեցին:

2011-ին սիրիացի Էրոլ Դորան ընտրվեց ԹԱՄԺ պատգամավոր: Այնուհետև նա շարունակեց իր գործունեությունը «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ –HDP) շարքերում:

Այպիսով 92 տարվա ընթացքում Թուրքիայի խորհրդարանում ընդհանուր առմամբ ազգային փոքրամասնությունները ներկայացնող 24 պատգամավոր է ընտրվել: Իսկ 2015-ի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից առաջադրվել է հայազգի Մարգար Եսայանը, «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից՝ հայազգի Սելինա Դողանը և հույն Օզջան Փուրչուն, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կողմից՝ հայ և եզդի թեկնածուներ Գարո Պայլանը, Մուրադ Մըհչըն, Ալի Աթալանը, Ֆելեքնազ Ուջան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---