Թուրքիայում արգելափակված է ավելի քան 70.000 կայք

Թուրքիայում արգելափակված է ավելի քան 70.000 կայք

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Թուրքիայում արգելափակվել էին հանրահայտ YouTube, Facebook և Twitter սոցկայքերը: Ինտերնետային կայքերի ամբողջական կամ բովանդակության մի մասի արգելափակումները Թուրքիայում եզակի չեն: 2014-ի ընթացքում Թուրքիայում 44%-ով աճել է արգելափակված կայքերի քանակը:

Թուրքական Engelliweb.com կայքում հրապարակված վիճակագրության՝ 2014-ին ընդհանուր առմամբ Թուրքիայում 23.558 կայք է արգելափակվել: Այդ թիվը 7.218-ով ավելին է, քան գրանցվել էր 2013-ին: Իսկ ահա 2015թ. առաջին քառորդում արդեն Թուրքիայում հասցրել են արգելափակել 5.372 կայք, գրում է Ermenihaber.am-ը:

Ցուցանիշի նման աճի հիմնական պատճառն անցյալ տարվա փետրվարին Թուրքիայում ընդունված № 5651 օրենքն է, որը նախատեսում է ինտերնետային կայքերի բովանդակության վերահսկողություն: Այդ օրենքի հիման վրա հնարավոր է դարձել Թուրքիայի Հեռահաղորդակցության և կապի վարչության կողմից կայքերի արգելափակումը՝ առանց դատարանի որոշման առկայության:

Ընդհանուր առմամբ մինչ այսօր Թուրքիայում արգելափակվել է 70.856 կայք, որոնցից 66.244-ը՝ հենց վերոհիշյալ վարչության որոշման համաձայն: Եվ միայն 20.084-ի դեպքում է, որ արգելափակումն իրականացել է դատարանի որոշման հիման վրա: Իսկ արգելանքը հանվել է ընդամենը 1.296 –ի դեպքում: Նշվում է նաև, որ այս առումով ամենաշատն արգելափակվում է YouTube վիդեոպորտալը, որտեղ տեղադրված 584 տեսահոլովակ այս պահին Թուրքիայում անհասանելի են:

Թուրքիայում խոսքի ազատության այսպիսի սահմանափակումները քննադատվել ու դատապարտվել են Եվրամիության կողմից: Քննադատական հոդվածներ են հրապարակվել նաև տարբեր երկրների առաջատար պարբերականներում, սակայն թուրքական կառավարությունը անհաղորդ է և շարունակում է նույն քաղաքականությունը՝ ամենատարբեր մակարդակներում պաշտոնական հայտարարություններով հորդորելով չմիջամտել երկրի ներքին գործերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---