Թե ինչպես Գրիգոր Լուսավորչի մասունքները հայտնվեցին Իտալիայում

Թե ինչպես Գրիգոր Լուսավորչի մասունքները հայտնվեցին Իտալիայում

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Նեապոլում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ, Գրիգոր Լուսավորչի մասունքները հանդիսավոր արարողությամբ վերադարձվեցին նրա անունը կրող Նեապոլի Սան Գրեգորիո Արմենո եկեղեցի:

Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների ամուր կապը դարերի խորքից է գալիս և կապված է նաև Գրիգոր Ա Լուսավորչի, որպես համաքրիստոնեական սրբի, հետ, որը հիշատակի օր ունի նաև ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Գրիգոր Պարթևը (239–325/326), Հայոց առաջին եպիսկոպոսապետն է 302-ից, համաքրիստոնեական տոնելի սուրբ: Այնքան էլ շատ տեղեկություններ չեն պահպանվել այն մասին, թե ինչպես են Սրբի մասունքները հայտնվել Նեապոլում:

Կյանքի վերջին տարիներին Գրիգոր Լուսավորիչը իր պաշտոնը հանձնելով Արիստակեսին՝ գնաց ճգնարան, ուր և վախճանվեց։ Անհյատ է նրա մահվան տարեթիվը, թեև որոշ աղբյուրներում նշված է 331 թվականը: Հայոց եկեղեցին նրան դասեց ավագ սրբերի կարգը, նրա պատվին սահմանեց հիշատակի օրեր։ Գրիգոր Լուսավորչի անունով Հայ Առաքելական եկեղեցին կոչվում է նաև Գրիգոր-լուսավորչական։Վրթանես Առաջին Պարթև կաթողիկոսի օրոք սրբի մասունքները տեղափոխվեցին և հուղարկավորվեցին Թորդան գյուղում` Լուսավորչի տոհմական կալվածքում:

Տարիներ անց Ներսես Գ Տայեցին, ձեռամբ իշխան Գրիգոր Պատրիկ Մամիկոնյանի, Գրիգոր Ա Լուսավորչի մասունքների մեծ մասը Թորդանից տեղափոխել և զետեղել է Զվարթնոցում: Հետո դրանք տեղափոխվեցին Կոստանդնուպոլիս, իսկ VIII դարում հայ վանականները տեղափոխեցին դրանց մեծ մասը Նեապոլ, որտեղ ի պատիվ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցի կառուցվեց: Այնտեղ էր պահվում նրա մասունքը` գանգը, որ պարփակված է ոսկեզօծ պղնձե կիսանդրու մեջ:

Սբ Գրիգոր Լուսավորիչը ճանաչվել է Նեապոլի երկրորդ երկնային պաշտպանը, Սբ Գենարիոս եպիսկոպոսից հետո, իսկ սեպտեմբերի 30-ին նշվում է նրա տոնը: 2000 թ. նոյեմբերի 11-ին, կաթողիկոս Գարեգին Երկրորդ Ներսիսյանի Վատիկան այցի ժամանակ, Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը նրան փոխանցեց Լուսավորչի մասունքների մի մասը, որոնք պահվում են Երևանի Սբ Գրիգոր Լուսավորչի մայր տաճարի գավթում:

Գրիգոր Ա Լուսավորչի՝ «Մեծ Հայոց սուրբ Գրիգորի» պաշտամունքը V դարից սկսած մեծ տարածում է ունեցել նաև Բյուզանդիայում, մասնավորապես՝ Հունաստանում: Այսօր Հունաստանի եկեղեցիներում կան Լուսավորչին նվիրված սրբապատկերներ, որմնանկարներ, խճանկարներ, ինչպես նաև մասունքներ ու նշխարքներ` ամփոփված արծաթե, բրոնզե և փայտե մասնատուփերում:

Մասունքների պաշտամունքը զորացավ կրոնական մաքառման շրջանում՝ Քաղկեդոնի ժողովից հետո։ Գրիգոր Ա Լուսավորչի նշխարները Թորդանից հանվել և սփռվել են ողջ քրիստոնյա աշխարհում և դարձել պաշտամունքի առարկա: Հայաստանում Գրիգոր Ա Լուսավորչից մնացած միակ սրբությունը եղել է Լուսավորչի Աջը, որը նաև հայրապետական իշխանության գլխավոր, պաշտոնական նշանակն է, և նրա առկայությունը պարտադիր է կաթողիկոսարանում:

Գրիգոր Ա Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքները 5-րդ դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում (Աջի մեջ): Լուսավորչի աջը սուրբ Խաչափայտի (սուրբ Նշան) ու Աստվածամուխ սուրբ Գեղարդի հետ, գլխավոր սրբությունն է և գործածվում է սուրբ Լուսավորչի մյուռոնի օրհնության ժամանակ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---