Փաստաբան. «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին առաջադրված մեղադրանքից կհրաժարվեն

Փաստաբան. «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին առաջադրված մեղադրանքից կհրաժարվեն

PanARMENIAN.Net - Քրեական գործով այս պահին չկա որևէ նյութ, որը տրամաբանորեն հիմք տա ասելու, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամները նախապատրաստվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, այսօր՝ ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փաստաբան Արա Զաքարյանը:

Նրա խոսքով, ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար լավագույն գործիքը Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածն է `զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

«Ակնհայտ է, իշխանություններն այս քայլին գնացին, որպեսզի «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին հնարավորություն չտան իրականացնել միջոցառումներ, որոնց ընթացքում իրենց խիստ, բացասական դիրքորոշումը հայտնեն իշխանության գործունեության վերաբերյալ: Միակ պատճառը սա է, որևէ այլ տրամաբանություն չկա»,- ասել է Զաքարյանը, գրում է Panorama.am-ը:

Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության)։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ապրիլի 10-ին ընտրվել էր կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:

Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ հիշեցրել է, որ Ժիրայր Սեֆիլյանը նմանատիպ հետապնդման արդեն իսկ ենթարկվել է, որի կապակցությամբ գոյություն ունի ՄԻԵԴ որոշումը: Նա հայտնել է, որ արդեն պատրաստել են վերաքննիչ բողոքները, միաժամանակ հավելել՝ «քիչ հույսեր կան, որ վերաքննիչ դատարանի որոշումներն արդեն պատրաստ չեն»:

Փաստաբան Լուսինե Հակոբյանի խոսքով, Ժիրայր Սեֆիլյանն արդեն 10 տարի թիրախավորված է, նրա նկատմամբ քրեական հեապնդում է իրականացվում 2006 թվականից: Նրա կարծիքով, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին առաջադրված մեղադրանքը հնարավոր չի լինելու պաշտպանել և ինչ-որ կետից, կարելի է կանխատեսել, որ այդ մեղադրանքից իշխանությունները հրաժարվելու են, ինչպես եղավ 2006 թվականից, երբ հրաժարվեցին Քրեական օրենքի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից՝ «սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված գործողություններ և կոչեր»:

Ապրիլի 7-ի առավոտյան՝ ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ են մուտք գործել իրավապահ մարմինների մոտ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայացնելով շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Իրավապահների այլ խմբեր էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, խուզարկություններ են իրականացրել Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը, հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---