Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվությունը՝ ՀՀ սահմաններից դուրս. «Ռոստելեկոմ»-ն աջակցում է տարածմանը

Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվությունը՝ ՀՀ սահմաններից դուրս. «Ռոստելեկոմ»-ն աջակցում է տարածմանը

PanARMENIAN.Net - «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն, հանդիսանալով հայաստանյան առաջատար օպերատորներից մեկը և ռուսաստանյան խոշորագույն «Ռոստելեկոմ» խմբի անդամ, ակտիվ աջակցություն է ցուցաբերում 1915-1923թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածման միջոցառումներին ոչ միայն երկրի տարածքում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։

Մասնավորապես, մարտի 25-ից «Ռոստելեկոմ»-ի գլխամասի ներքին ցանցում, որին մուտք ունի ավելի քան 200.000 աշխատակից ամբողջ ՌԴ տարածքից, տեղադրվել է տեղեկատվական բաններ և Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութ։

Ներքին կայքը (պորտալը) կորպորատիվ տեղեկատվության, նորությունների, միջոցառումների մասին պատմող հարթակ է, ուր ընկերության աշխատակիցներն այցելում են ամեն օր։

Տեղադրված նյութը մանրամասներ է ներկայացնում Հայոց ցեղասպանության, 100-րդ տարելիցի և միջոցառումների, ՌԴ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Ծիծեռնակաբերդի հուշակոթողի, տեղեկատվական կայքերի և հաշթեգերի մասին։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կարևորում է Հայաստանի սահմաններից դուրս մարդկանց իրազեկումը Հայոց ցեղասպանության մասին և շարունակելու է աշխատանքներն այս ուղղությամբ։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 2012-ի դեկտեմբերից: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունն ավելի քան 3000 կմ է և ծածկում է ՀՀ տարածքի 80%-ը:Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---