ՀՀ նախագահ. Ժխտելով Ցեղասպանությունը` Թուրքիայի ներկայիս իշխանությունը հանցակից է դառնում (վիդեո)

ՀՀ նախագահ. Ժխտելով Ցեղասպանությունը` Թուրքիայի ներկայիս իշխանությունը հանցակից է դառնում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանցի անվանի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզներին: Զրույցի հիմնական թեման եղել է Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով այս հարցին` Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ցանկացած հանցագործություն չբացահայտվելու և չդատապարտվելու դեպքում ծնում է նորերը` ինչպես Հայոց ցեղասպանության անպատժելիությունը՝ ծնեց հրեաների Հոլոքոստը. մի բան, որ ըստ էության՝ տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանությունը պատշաճ չընդունելու և չդատապարտելու հետևանքով: Ապագայում հանցագործությունների կանխարգելման ամենաուժեղ գործիքը անցյալում կատարված հանցագործությունների ճանաչումն է. արձանագրել է Սերժ Սարգսյանը, հայտնում է Tert.am-ը:

Սերժ Սարգսյանը ասել է, որ Էրդողանը ևս հրավիրվել է Երևան՝ Ապրիլի 24-ին միասին հիշելու զոհերին, նրանց հարգանքի տուրք մատուցելու և այդ կերպ միասին այնպես անելու, որ ապագայում նման հանցագործություններ չկրկնվեն:Սերժ Սարգսյանը կարևորել է այն ազդանշանը, որ Ապրիլի 24-ին Էրդողանի այցը Երևան կարող էր հղել թե՛ հայերին, թե՛ թուրքերին:

Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ այսօրվա Թուրքիան մեղավոր չի համարվում Օսմանյան Թուրքիայի ոճրագործության համար, սակայն ժխտմամբ Թուրքիան հանցակից է դառնում: Սարգսյանը նկատել է, որ իր ցանկությունն է, որ թուրքերը կարողանան դեն նետել այդ բեռը, որը կրում են:

Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանը պաշտոնապես երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային` Անկարայի կողմից Ցեղասպանության ճանաչան համատեքստում: Սակայն, ըստ Սարգսյանի, պահանջատիրությունը կլիներ հարցի երկրորդ կողմը, իսկ առաջնայինը ճանաչումն է: Անկեղծորեն, գիտակցված, առանց ճնշումների ճանաչումը Սերժ Սարգսյանը ավելի կարևոր է համարում: Այս համատեքստում նա բարձր է գնահատում Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքի ելույթը, որում նա Գերմանիային մեղսակից էր համարել Հայոց ցեղասպանությանը:

Խոսելով հայ-թուրքական հաշտեցման գործընթացի տապալման մասին` Սերժ Սարգսյանը նկատում է, որ հայ- թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ է կանչել թուրքական կողմին հասկացնելու համար, որ Հայաստանը մտադիր չէ հավետ սպասել Թուրքիայի կողմից այդ փաստաթղթի վավերացմանը: Նա այդ քայլը քաղաքական, ոչ իրավական քայլ է որակում:

Անդրադառնալով այդ փաստաթղթերի վավերացմանը, Սերժ Սարգսյանն ասում է.«Այդ փաստաթղթերը ստորագրվել են արտոգործնախարարների, ՄԱԿ-ի 3 մշտական անդամների ներկայությամբ, և այնտեղ ասվել է, որ այդ փաստաթղթերը ուժի մեջ են մտնում խորհրդարանի կողմից նախաստորագրվելուց հետո: Եվ մենք հայտարարեցինք, որ երբ Թուրքիայի խորհրդարանը նախաստորագրի, ապա մենք, մեր խորհրդարանը մի քանի ժամվա ընթացքում կանի նույնը: Ինչո՞ւ մենք դա արեցինք, քանի որ հնչեցին կարծիքներ, որ Թուրքիայի խորհրդարանը դա չի անի, որ կսպասի քաղաքական հարմար պահի, այդ իսկ պատճառով մենք հայտարարեցինք, որ պարզապես կսպասենք: Եթե թուրքական կողմը նախաստորագրի, մենք էլ նույնը կանենք: Մեր կողմից միակողմանի ստորագրումը սխալ մոտեցում կլիներ»:

Պատասխանելով Պոզների այն դիտարկմանը, որ ժամանակին Սերժ Սարգսյանն ինքն է եղել ազատագրման պայքարի առաջնոդներից մեկը Ղարաբաղում, իսկ խնդրի լուծումը հնարավոր է տեսնեն միայն հաջորդ սերունդները, նախագահը վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրը կկարգավորվի շատ շուտով և դրա ականատեսը կլինի ներկայիս ժողովուրդը:

Պոզները հիշել է նաև մեկ տարի առաջ նախագահի` արգենտինական պարբերականին տված հարցազրույցը, որում նա ցավով էր խոսել ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի մասին: Այժմ խոսելով Հայաստանի մարտունակության և հնարավոր պատերազմի բռնկման մասին` նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը մարտունակ բանակ ունի և որ այդ մարտունակությունն ապահովվում է նաև մեր ռազմավարական գործընկերների շնորհիվ, իսկ նրանց թվում առաջինը Ռուսաստանն է:

Որպես հիմնական ցավալի կետ Պոզների հետ զրույցում նախագահն ընդգծել է հոգեբանական գործոնը, «երբ հայ զինվորը գիտի, որ իր վրա կրակում են Ռուսաստանից գնած զենքով»: «Դա շատ ցավալի է», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ ափսոսանքի առկայության մասին հարցին` ՀՀ նախագան ասել է. «Անշուշտ, Խորհրդային Միությունը շատ բան տվեց հայերին, ցեղասպանությունից արյունաքամ եղած փոքր երկիրը կարողացավ դառնալ ԽՍՀՄ առաջատար հանրապետություններից մեկը: Ծաղկեցին գիտությունն ու արվեստը: Սակայն, երբ ԽՍՀՄ ԱԳ նախարարը ծաղկեպսակ էր դնում Աթաթուրքի գերեզմանին, այ դա արդեն շատ ցավալի էր»:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անպայմասն մասնակցելու է Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում: «Դա նաև մեր հաղթանակն է, այդ թվում նաև հայ ժողովրդի հաղթանակն է, խորհրդային Հայաստանը լուրջ մասնակցություն է ունեցել պատերազմին` ԽՍՀՄ-ում ապրող 2 մլն 700 հազար հայերից, 600 000 մեկնեց ռազմաճակատ, որից 314 հազարը զոհվեց: Ես գտնում եմ, որ ես անպայման պետք է մասնակցեմ գլխավոր միջոցառումներին հայ ժողովրդի անունից»:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---