Թուրքիայում հերթական Այա Սոֆիան տաճարն է վերածվում մզկիթի

Թուրքիայում հերթական Այա Սոֆիան տաճարն է վերածվում մզկիթի

PanARMENIAN.Net - Թուրքիայում հերթական Այա Սոֆիան է մզկիթի վերածվում: Այս անգամ նման ճակատագրի է արժանանալու Էդիրնե նահանգի Էնեզ գավառի տաճարը: Ըստ թուրքական T24 լրատվակայքի` վճիռը կայացվել է Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից:

2011-ին և 2012-ին մզկիթի էին վերածվել համապատասխանաբար Իզնիկի և Տրապիզոնի Այա Սոֆիաները, որոնք մինչ այդ ունեցել էին թանգարանի կարգավիճակ:

2007 թվականին կայացրած որոշման հիման վրա սկսվել է եկեղեցու վերականգնումը` որպես թանգարան, սակայն ավելի ուշ արդեն որոշում է կայացվել մզկիթի վերածել: Հունաստանի սահմանից ոչ հեռու գտնվող այդ տաճարը բյուզանդական ժամանակաշրջանում եղել է Թրակիայի խորհրդանիշը:

Խոսակցություններ են շրջանառվում նաև Ստամբուլի հայտնի Այա Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու մասին: Տաճարը, որը թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո մինչև 1935 թվականն օգտագործվել է որպես մզկիթ, իսկ այնուհետև` թանգարան, այսօր կրկին հայտնվել է մզկիթի վերածվելու վտանգի առջև:

Անկարայի գլխավոր մուֆթի Մեֆաիլ Հըզլըն, անդրադառնալով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ապրիլի 12-ին ունեցած ելույթին, ասել էր. «Այդ ելույթը միայն կարող է արագացնել Այա Սոֆիայի դռների բացումը մահմեդական հավատացյալների առաջ», գրում է Ermenihaber-ը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջզոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

«Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Թաքցնել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---