Թուրք պաշտոնյա. Սբ Սոֆիան մզկիթ է, իսկ հայ հոգևորականներ կարելի է կրթել նաև Թուրքիայում

Թուրք պաշտոնյա. Սբ Սոֆիան մզկիթ է, իսկ հայ հոգևորականներ կարելի է կրթել նաև Թուրքիայում

PanARMENIAN.Net - Այա Սոֆիան եկեղեցի չէ, ոչ էլ թանգարան է, այն Մեհմեթ Ֆաթիհ սուլթանի և բոլոր մուսուլմանների տաճարն է: Անդրադարռնալով տաճարը կրոնական ծեսերի համար բացելու հարցին՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի կառավարությանն առընթեր կրոնական գործերի վարչության ղեկավար, պրոֆեսոր Մեհմեթ Գյորմեզը՝ ընդգծելով, որ «Այա Սոֆիան այս ազգի, այս քաղաքակրթության և պատմության, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար շատ կարևոր խորհրդանշական արժեք ունեցող իսլամական տաճար է»:

Թուրքիայում Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին խոսակցությունները վերջերս կրկին հաճախակի են դարձել: Որպես եկեղեցի կառուցված ու 1453 թ. Կոստանդնուպոլսի անկումից հետո որպես մզկիթ օգտագործվող տաճարն այժմ թանգարան է, որտեղ իսլամիստների աղոթքներն արգելված են: Սակայն Թուրքիայի ազգայնական ու իսլամիստ քաղաքական գործիչները հանդես են գալիս եկեղեցին մզկիթի վերածելու օգտին: Մայիսի վերջին իսլամիստերը նույնիսկ ցանկություն էին հայտնել ցուցադրական նամազ կատարել տաճարում: Ի պատասխան թուրք մտավորականությունը ստորագրահավաք էր նախաձեռնել Սբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան պահպանելու օգտին:

2007 թվականին մի շարք ազդեցիկ ամերիկացի ձեռնարկատերեր ու քաղաքական գործիչներ «Սբ Սոֆիայի ազատագրման խորհուրդից» (Free Agia Sophia Council) գլխավորեցին կառույցին իր սկզբնական քրիստոնեական սրբության կարգավիճակը վերադարձնելուն ուղղված շարժումը: ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների կոմիտեի հանրային քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ «չի կարելի մարդկանց զրկել Մայր տաճարում աղոթելու իրավունքից, անհնար է ամեն օր հանդուրժել այդ սուրբ վայրի պղծումը, որն օգտագործվում է տոնավաճառների ու համերգների անցկացման համար, անթույլատրելի է հանդուրժել նման բացահայտ անարգանքն ուղղափառ եկեղեցու, և ընդհանրապես քրիստոնեության հանդեպ»:

Թուրքիայի կառավարությանն առընթեր կրոնական գործերի վարչության ղեկավար, պրոֆեսոր Մեհմեթ Գյորմեզն անդրադարձել է նաև մեկ այլ՝ հոգևորականների պատրաստման խնդրին՝ նշելով, որ հայ և հույն համայնքները հոգևորական պատրաստելու համար ստիպված են նրանց ուղարկել Հունաստան և Հայաստան, ինչը, ըստ նրա, սխալ է:

Գյորմեզի կարծիքով Թուրքիայի համար ճեմարան բացելն ավելի հեշտ է, քան Ղուրանի դասընթացներ կազմակերպելը, Objektif Haber-ին հղումով գրում է Ermenihaber-ը:

Սուրբ Սոֆիայի կամ Այա Սոֆիա տաճարը բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան է, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացուկողմից։

1985 թվականին տաճարը Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների հետ մեկտեղ ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Շուրջ 100 տարի Սբ Սոֆիան եղել է քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարը՝ մինչ Հռոմի Սբ Պետրոսի տաճարի կառուցումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---