Գարեգին Բ-ն դատապարտել է Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու միտումնավոր պայթեցումը

Գարեգին Բ-ն դատապարտել է Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու միտումնավոր պայթեցումը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոսը խստորեն դատապարտել է օրեր առաջ Հալեպում 15-րդ դարում կառուցված Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցու միտումնավոր պայթեցումը` նկատել է, որ այս քայլն Աստծու դեմ գործված արարք է, որն անընդունելի է բոլոր կրոնների համար, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ հանդիպման ժամանակ Գարեգին Բ –ն մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Մերձավոր Արևելքում զարգացումների և ծայրահեղական ուժերի կողմից քրիստոնյաների և քրիստոնեական սրբավայրերի դեմ սանձազերծված վայրագությունների և ահաբեկչությունների առիթով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով` հայկական եկեղեցու միտումնավոր պայթեցումը ստվերում է իսլամ և քրիստոնյա ժողովուրդների դարավոր խաղաղ համակեցությունը: Նա նաև վստահություն է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի մարդկային կյանքում վերջ դնել և կանխարգելել բոլոր նման դատապարտելի արարքները:

Հալեպում շարունակվող հրթիռակոծությունների թիրախն ապրիլի 28-ին պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքն էին: Ֆեյսբուքում inews էջը, որը համակարգում են Հալեպում և Սիրիայի այլ տարածքներում ապող երիտասարդներ՝ իրենց ներկայացնելով որպես ոչ մի կուսակցության չհարող, տարածել է լուսանկար, որում Սբ Քառասուն Մանուկ եկեղեցին գրեթե ամբողջությամբ փլված է:

Եկեղեցին պայթեցվել է ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Դեռ 2013-ի նոյեմբերին Բերիո թեմը տեղեկություն էր տարածել, որ Հալեպում խաղաղ թաղամասերի շարունակվող հրթիռակոծությունների թիրախում, ականատեսների խոսքով, նույն Սբ Քառասուն Մանկաց եկեղեցին է: Սիրիայում շարունակվող մարտերի հետևանքով եկեղեցին հայտնվել էր բախումների գոտում, որտեղ հաճախ են ռումբեր պայթում:

Իսկ ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ գրոհայինները գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի Սլեյմանիե թաղամասը, առնվազն 6 մարդ զոհվել է: Սլեյմանիե թաղամասը համարվում է Հալեպի անվտագ թաղամասերից մեկը, որը վերահսկում է Սիրիայի բանակը: Քաղաքի այս մասում հիմնականոմ քրիստոնյաներ են բնակվում, ինչպես սիրիացիներ, այնպես էլ հայեր:

Սա Սիրիայում քրիստոնեական արժեքների ոչնչացման միակ դեպքը չէ: Հալեպում հրկիզվել է նաև Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։ Այն ևս հայտնվել էր բախումների կիզակետում, ապա հրկիզվել և ավերվել։ Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաև եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը: Սուրբ Գևորգը կառուցվել էր Ցեղասպանությունը վերապրած և Հալեպում հաստատված հայրերի նախաձեռնությամբ և ուժերով:

Իսկ 2014-ի սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։

Տարիներ շարունակ այն դարձել էր ուխտատեղի, ուր այցեր են կազմակերպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Հայ օգնության միությունը»։ 2010 թվականի մարտին այս վայրն է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, ուր ակնկալվում էր, որ նա պետք է հայտարարեր ֆուտբոլային դիվանագիտության դադարեցման մասին, սակայն մի շարք պատճառներով դա տեղի չունեցավ։ Դեր Զորում, մինչև ռազմական գործողությունները բնակվում էր մոտ 20 հայ ընտանիք։

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---