ՄԱԿ կենտրոնակայանում Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված ցուցահանդես է բացվել

ՄԱԿ կենտրոնակայանում Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված ցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - ՄԱԿ Նյու Յորքի կենտրոնակայանում բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված ցուցահանդես: Ներկայացված մոտ 30 լուսանկարները պատկերում են ռազմաճակատայինների և թիկունքում աշխատողների կյանքի պահերը:

Ցուցահանդեսի «Երկրորդ համաշխարհային պատերազմ. Հիշել հանուն խաղաղության» վերնագրում «երկրորդ» բառի վրա գիծ է քաշված և գրված է` «վերջին»: Նրա կազմակերպիչներն են Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի առաքելությունները: Լուսանկարների թվում են հայտնի լուսանկարներ` «Հաղթանակի դրոշը Ռայխսթագի վրա», 1945 թ. Հաղթանակի շքերթը Մոսկվայում, ռուսական և ամերիկյան զորքերի հայտնի հանդիպումը Էլբայում: Ներկայացված են նաև վիրավոր զինվորին խնամող բուժքրոջ, Ստալինգրադում ռմբակոծությունից թաքնված երեխաների, Ղազախստանի ածխահանքերում աշխատող կանանց լուսանկարները:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ցուցահանդեսի բացմանը հայտնեց լրագրողներին, որ դիվանագիտական առաքելությունները շատ մանրակրկիտ են պատրաստվել, քանի որ «դրանք մեր բազմազգ ջանքերն էին, ԽՍՀՄ բոլոր ժողովրդների համատեղ ջանքերը», «Հիանալի գաղափար հուշեց Թուրքմենստանի մշտական ներկայացուցիչը` ներկայացնել ԽՍՀՄ բոլոր 15 հանրապետություններից հերոսների լուսանկարները»,-ասել է Չուրկինը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ցուցադրության կենտրոնում Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած մասնակիցների լուսանկարներն են: 15 հերոսները ներկայացնում են ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունները: Հայաստանը ներկայացված է Հովհաննես Բաղրամյանի լուսանկարով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև Չինաստանի, Վենեսուելայի, Լյուքսեմբուրգի, Չադի և այլ առաքելությունների ներկայացուցիչները: ՌԴ մշտական ներկայացուցիչը բաժակաճառ է ասել «ի հիշատակ անձնուրաց մարտնչողների ու աշխատողների, որոնք հնարավորություն տվեցին երեխաներին ու թոռներին արժանի ապագա ունենալ և վայելել ապրելու իրավունքը»:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Քրիստինա Գալլախը: «ՄԱԿ-ը ծնվեց երկրորդ համաշխարհայինի մոխրից: ՄԱԿ կանոնադրության առաջին բառերն են. «Մենք` ՄԱԿ ժողովրդներս, լի ենք գալիք սերունդներին պատերազմի աղետներից զերծ պահելու վճռականությամբ»: Այս խոսքերով է առաջնորդվել կազմակերպությունը վերջին 70 տարում»,-ասել է նա:

«Ինչպես ասվում է ցուցահանդեսի վերնագրում, մենք իրոք հուսով ենք, որ դա վերջին համաշխարհային պատերազմն էր»,-ասել է Գալախը:

Մայիսի 5-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի կապակցությամբ Նյու Յորքի կենտրոնակայանի տարածքում կտնկվի «Խաղաղության ու միասնության ծառը»: Ակնկալվում է, որ արարողությանը կմասնակցի ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՄԱԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները: Ավարտին տեղի կունենա ԳՎ հանդիսավոր նիստը` նվիրված Հաղթանակի օրվան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---