14 սեպտեմբերի 2006 - 14:29 AMT
Հակամարտությունների մասին ՎՈՒԱՄ-ի առաջարկած կետն այնուամենայնիվ ընդգրկվել է ՄԱԿ-ի ԳՎ օրակարգում
«Սառեցված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի մասնակից երկրների տարածքում» հարցն ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի օրակարգում: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Թաիր Թաղիզադեն: ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա) երկրների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը Նյու Յորքում Գլխավոր վեհաժողովում կրկնական քվեարկության են դրել ՄԱԿ-ի ԳՎ 61-րդ նստաշրջանի օրակարգում նոր կետ ընդգրկելու մասին հարցը, թեեւ նախօրեին Վեհաժողովի Գլխավոր կոմիտեն մերժել էր ՎՈՒԱՄ-ի խնդրանքը: Արդյունքում օրակարգում այդ կետն ընդգրկելու օգտին քվեարկել է 16 երկիր` ներառյալ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն: Ընդ որում դեմ է քվեարկել 15 երկիր` այդ թվում Ռուսաստանը, Ալժիրը, Հայաստանը, Հունաստանը, Ինդոնեզիան, Հարավային Աֆրիկան: 65 պետություն ձեռնպահ է մնացել, իսկ 96 պատվիրակություն բացակա է եղել քվեարկության ժամանակ: Նշենք, որ ՎՈՒԱՄ-ի երկրները պնդում են, որ այս հարցը քննարկվի ՄԱԿ-ի ԳՎ-ում` պնդելով, թե միջազգային միջնորդությունը ղարաբաղյան հակամարտության, վրաց-աբխազական, վրաց-հարավօսական եւ մերձդնեստրյան հակամարտությունների հարցում ոչ մի արդյունք չի տալիս, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: