Օլանդն ու Մերկելը հաստատել են մասնակցությունն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին

Օլանդն ու Մերկելը հաստատել են մասնակցությունն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ներկա են լինելու ԵՄ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի, հայտնել է Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման:

«Իռլանդիայի վարչապետը չի մասնակցի, քանի որ այնտեղ հանրաքվե է անցկացվելու այդ օրերին: Անձնական պատճառներով ներկա չի լինի նաև Լյուքսեմբուրգի վարչապետը»,-ասել է նա:

Իր մասնակցությունը գագաթնաժողովին արդեն հաստատել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Կլինի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը»,-ասել է Ստրաույուման:

«Արևելյան գործընկերության» մասնակից երկրներից Ռիգա կմեկնեն Մոլդովայի և Վրաստանի վարչապետները, հաստատել է մասնակցությունը նաև Հայաստանի նախագահը: Հնարավոր է նաև Ադրբեջանի նախագահի մասնակցությունը, սակայն նա դեռ պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը: Ուկրաինայից կարող են ժամանել և նախագահը, և վարչապետը: Բելառուսը կներկայացնի կամ վարչապետը, կան ԱԳ նախարարը, հայտնում է Lsm.lv-ն:

Ավելի վաղ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ Եվրամիությանը հարկ կլինի հաստատել գործակցությունը գործընկերների հետ, որոնք չեն ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը: Հարկավոր է Ադրբեջանի հետ պայմանավորվել գործունեության ոլորտների ու իրավական կարգավորման մասին, ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բելառուսի հետ, հայտարարել Հայաստանի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասին»,-ասել է նա:

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի գծով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, անդրադառնալով ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» մարտի 25-ին հրապարակված զեկույցին, հայտարարել է, որ զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք խնդիրներ, որ առկա են երկրում: Անդրադառնալով զեկույցում արծարծված հարցերին՝ նա նշել է, որ քննարկումը վերաբերում էր ոչ թե զուտ քաղաքական, կամ տնտեսական հարցերին, այլ շոշափում էր հարցերի ողջ սպեկտրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ոլորտներին: Մասնավորապես, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ:

Հայաստանին վերաբերվող բաժնում ներկայացված են 2014-ին բարեփոխումների իրականացման ջանքերն ու հիմնական զարգացումները, ինչպես նաև առաջարկներ կան հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, ասել է Դիդենկոն՝ նշելով, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Երևանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանի շրջանակում քննարկմանը ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարեց, որ ԱլԳ անդամ երկրների հետ հարաբերությունների հարցում ԵՄ հիմնական բանաձևը հետևյալն է՝ այն երկրները, որոնք ընտրել են Եվրամիության հետ ասոցացման ճանապարհը, նրանց հետ կլինի հարաբերությունների լայն մոդել, իսկ երկրները, որոնք չեն կարողացել այս ճանապարհը բռնել, նրանց հետո համագործակցությունը կնեղացվի և կկենտրոնացվի ամենաէական ոլորտների վրա՝ միգրացիա, անվտանգություն, պետական կառավարում:Նա նշեց, որ ԵՄ-ն պետք է ճկուն գտնվի, հարմարվի փոփոխվող հանգամանքներին, հաշվի առնի ճգնաժամերը, որ առաջանում են անդամ երկրներում:

Ըստ Յոհաննես Հանի՝ հետագա երկկողմ համագործակցությունը մշակվելու և իրականացվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի «այլ միջազգային պարտավորությունները»: ԵՄ-ն աջակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և այլ ուղղություններով:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---