Գիտությունների ազգային ակադեմիան մի շարք խոշոր միջոցառումներ է կազմակերպում

Գիտությունների ազգային ակադեմիան մի շարք խոշոր միջոցառումներ է կազմակերպում

PanARMENIAN.Net - Գիտությունների ազգային ակադեմիան մի շարք խոշոր միջոցառումներ է կազմակերպում, որի հիմնական նպատակներից մեկը երիտասարդ գիտնականների հայտնաբերումն է և աջակցությունը: Հայաստանի գիտական ոլորտում կատարվող իրադարձությունները հաճախ դուրս են մնում ուշադրությունից, թեև օրակարգը հագեցած է ու բազմաբնույթ: 2015-ի երկրորդ կեսին մի շարք միջոցառումներ են նախատեսվում, որոնք հետաքրքիր են ինչպես երիտասարդ գիտնականների, այնպես էլ ուղղակի գիտությամբ հետաքրքրվող մարդկանց համար:

2015թ. մայիսի 25- 29-ը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Մոլեկուլաբջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիան կազմակերպում են երիտասարդ գիտնականների միջազգային դպրոց «Տեր-մանրէ փոխազդեցությունների մոլեկուլային և բջջային հիմունքներ. Իմունագենոմիկա» թեմայով: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) հիմնադրվել է 1966թ.-ին Հայաստանում մոլեկուլային կենսաբանության ոլորտում հետազոտությունների զարգացման նպատակով: Այսօր ՄԿԻ գիտական հետազոտությունները ուղղված են ուսումնասիրելու բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմները և նրանց խանգարումները օրգանիզմի տարբեր ախտաբանական վիճակներում, ներառյալ աուտաիմունային, աուտաբորբոքային, վարակիչ, օնկոլոգիական, հոգեկան և ուղեղանոթային հիվանդություններ:

Ուսումնասիրությունները տարվում գենետիկական, բջջային, թաղանթային և ենթաբջջային մակարդակներում: Առանձին ուշադրություն է բևեռված իմունային և ազդանշանային համակարգերի միջնորդանյութերին: Հետազոտություններում օգտագործվում են փորձարարական կենդանիներ, բջջային կուլտուրաներ, կլինիկան նյութ և համակարգչային մոդելներ: Տարվող հետազոտությունների կարևորագույն ուղղություն էհայերի գենոմի ուսումնասիրությունը` պաթոգենոմիկայի, էկոգենոմիկայի, իմունագենոմիկայի և պոպուլյացիոն գենոմիկայի մոտեցումների կիրառմամբ:

2015թ. մայիսի 26-29-ը ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Ծաղկաձորում կազմակերպում են «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության ժամանակակից խնդիրները» երիտասարդ գիտնականների II միջազգային գիտաժողովը:

2015թ. հունիսի 28-ից հուլիսի 3-ը Լինդաու քաղաքում (Գերմանիա) տեղի կունենա «Նոբելյան մրցանակակիրների 65-րդ հանդիպումը»: Նոբելյան մրցանակակիրները և տաղանդավոր երիտասարդ գիտնականները տարին մեկ անգամ հանդիպում են գերմանական Լինդաուում: Հաջորդ հանդիպումը պլանավորված է 2015 թ. հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Հանդիպումը նվիրված է ֆիզիկային, բժշկությանը կամ ֆիզիոլոգիային և քիմիային: Կազմակերպիչները նախատեսում են ամբողջ աշխարհից հավաքված 620 երիտասարդ գիտնականների հանդիպոմը շուրջ 70 նոբելյան մրցանակակիրների հետ: Հանդիպման նպատակն է` գիտելիքների և գաղափարների փոխանակում, գիտական ոգևորում և նոր կապերի հաստատում:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը և ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը, կազմակերպում են ավանդական «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ» միջազգային գիտաժողովը (2015 թ.-ի սեպտեմբերի 14-16) և Գ.Ա. Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների դպրոց (2015 թ.-ի սեպտեմբերի 17-20), որոնք կանցկացվեն Երևան և Մեղրի քաղաքներում:

2015թ. սեպտեմբերի 14-18-ը ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» IV միջազգային գիտաժողովը:

2015թ.-ի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2015» 10-րդ միջազգային գիտաժողովը:

2015թ. հոկտեմբերի 5-9-ը ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, ՌԳԱ Ն.Ն. Սեմյոնովի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը Երևանում կազմակերպում են «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» IV միջազգային գիտաժողովը:

2015թ. հոկտեմբերի 15-16-ը տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը: Քննարկումների հիմնական ուղղություններն են լինելու Հայոց ցեղասպանության պատմությունը, տեսությունը, հիշողությունն ու աշխարհաքաղաքականացումը, Ցեղասպանության հետևանքների վերացումը, հատուցման իրավաքաղաքական և սոցիալ-տնտեսական հիմքը և այլ հարցեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---