ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հիմարացնել շատ ավելի դժվար է, քան ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական դիվանագիտության հակվածությունը վազվզել տարբեր միջազգային ատյաններով եւ փոշիացնել ջանքերը` դրանք ԵԱՀԿ շրջանակներում բանակցային գործընթացի վրա կենտրոնացնելու փոխարեն, պատահական չէ: Այստեղ մի քանի նպատակ է հետապնդվում: Դրանցից ամենագլխավորներն են` ձգձգել բանակցային մարաթոնը հետագա տարիներին եւ քարոզչական ավար փնտրել այն կազմակերպություններում, որոնք քիչ են ծանոթ ղարաբաղյան հակամարտության էությանն ու ընթացքին»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: «Պաշտոնական Բաքվի նահանջը կարգավորման իրական ուղիներից առաջին անգամը չէ, որ դրսեւորվում է: Այն շղարշում են Ադրբեջանի ապագա հզորության մասին հորինվածքներով, իսկ երբեմն կոպտորեն քողարկում են ասելով, թե ադրբեջանական կողմի համբերությունն անսահման չէ: Եվ այս եւ այն օգնում է մատի շուրջ խաղացնել բոլոր նրանց, ովքեր սպասում են հակամարտության շուտափույթ կարգավորմանը, նախ եւ առաջ սեփական բռնի տեղահանվածներին: Բացի այդ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հիմարացնել շատ ավելի դժվար է, քան ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որոնք շատ աղոտ պատկերացում ունեն Անդրկովկասի եւ ղարաբաղյան հակամարտության մասին: ՄԱԿ-ում նման պետությունները շատ ավելի շատ են, քան ԵԱՀԿ-ում: Այնտեղ էլ քիչ չեն այն երկրները, որոնց քվեները կարելի է որսալ մահմեդական համերաշխության կոչերով կամ տուժած կողմին կարեկցելու հաշվին»,-նշել է նա:



Միեւնույն ժամանակ ռուս դիվանագետը նշել է, որ ՄԱԿ-ում ավելի հեշտ է համոզել, որ օտար հողերը գտնվում են օկուպացիայի տակ: «Ավելի դյուրին է թաքցնել նրանցից Բաքվի ոչ պակաս խոտելի գործողությունները, երբ նա 1992-94թթ. հրաժարվում էր դադարեցնել ռազմական գործողությունները եւ նույնիսկ մի քանի անգամ տապալեց իր կողմից ձեւակերպած պայմանավորվածություններն այդ հարցի շուրջ: Մանր քարոզչական միավորների կուտակումն ինքնին հատվածային եւ ոչ կարեւոր զբաղմունք է, այն չի կարող արագացնել հակամարտության կարգավորումը: Այն չի էլ կարող արագացնել հակամարտության լուծումը: Իսկ ինչպես դա կանդրադառնա փոխզիջումների իրական որոնման վրա, այնքան էլ կարեւոր չէ` միեւնույն է պետք է ժամանակ ձգել եւ խուսափել ցանկացած զիջումներից, որոնք հղի են մեծ ռիսկով: Առավել եւս որ միջնորդների կողմից կարգավորման սխեմայի մասնակի հրապարակումը դժվարացրեց սեփական ժողովրդի հետ գաղտնի խաղ տանելը եւ ստիպեց նահանջել: Դա պետք է եթե ոչ փոխհատուցել ինչ-որ բանով, ապա գոնե քողարկել: Այսպիսին է Ադրբեջանի արտաքին քաղաքական շարժումների ներքին «տրամաբանությունը», հակամարտության կարգավորմանը ՄԱԿ-ին կամ այլ միջազգային կազմակերպություններ ներգրավելու փորձերը ոչ թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու, այլ ցուցադրական ակտիվության համար այն հերթական խոսակցությունների վերածելու համար: Այլ կերպ ասած, եւս մեկ վազք արտաքին տեսքի ետեւից` ի վնաս արդյունավետության»,-ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---