34  12.05.15 - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Նոյեմբերյանի զորամասերից մեկը

ՊՆ ղեկավար. Հակառակորդը մի թիզ անգամ առաջ չի բերել շփման գիծը, իսկ հասարակությունն ավելի է համախմբվել

ՊՆ ղեկավար. Հակառակորդը մի թիզ անգամ առաջ չի բերել շփման գիծը, իսկ հասարակությունն ավելի է համախմբվել

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին լրացել է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի պայմանագրի կնքման 21 տարին, սական այս տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը լիարժեք կերպով չի պահպանվել։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամաս և մարտական հենակետեր համատեղ այցից հետո:

Այցի շրջանակում լրագրողներին հնարավորություն է տրվել տեսնելու, թե ինչ պայմաններում են ծառայում զինվորները, ծանոթանալու մարտական հերթապահության կրման պայմաններին, հետևելու պայմանական հակառակորդի ոչնչացման ցուցադրական զորախաղին: Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ծանոթացել է զինվորների պատրաստությանը, անձամբ դիտարկել հակառակորդի դիրքերը, շարժը:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է անցած տարվա ապրիլից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին, ներկայացրել զինված ուժերի ձեռքբերումներն ու բացթողումները, մանրամասնել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված գործողությունները, կարևորել միջազգային գործակցությունը: Անդրադառնալով հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին՝ նախարարը փաստել է, որ զինված ուժերի կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ հայրենի եզերքի սահմանների պաշտպանության ապահովումը, մարտական հերթապահության կրման պայմանների, տեխնիկական հնարավորությունների զարգացումն ու դիտարկման համակարգերի կատարելագործումը:

«Հաշվետու ժամանակահատվածում մարտական հերթապահությունը նշանավորվեց ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում կտրուկ լարման դեպքերով, որոնք չէին հասել թեժացման նման մակարդակի։ Սա արտահայտվեց նաև անցյալ տարվա ամառային «մինի» պատերազմով և ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի դավադիր խոցմամբ, տարեմուտի նախահարձակ գործողություններով։ Սակայն դիրքապահների հմուտ քայլերի և հակառակորդի դեմ պայքարի խելացի մարտավարության շնորհիվ նրանց գործողությունները չեն հանգեցրել ռազմավարական նպատակների իրականացմանը: Հակառակորդը մի թիզ անգամ առաջ չի բերել շփման գիծը, իսկ հասարակությունն ավելի է համախմբվել»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարի խոսքերով՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ անում է հակառակորդի հետ խելացի հարաբերությունների ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման համար։

«Այսօր էլ ամեն ինչ անում ենք, որ հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ Հետևողականորեն գնում ենք դրան։ Մենք անում ենք ամեն ինչ, որ հարաբերությունները չսրվեն և հարցերը լուծվեն փոխըմբռնման և մեր շահերի գերակայման պայմաններում»,–ասել է նա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե մտահոգիչ չէ արդյոք ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցը, պաշտպանության նախարարը պատասխանել է, որ հայկական զինուժը հետևում է այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում հարևան պետություններում մասնավորապես սպառազինության ձեռքբերման առնչությամբ, ըստ այդմ՝ համապատասխան աշխատանքով փորձում պահպանել հավասարակշռությունը.

«Ռուսական զենքի հայտնվելն Ադրբեջանում, իհարկե, մեզ մտահոգում է։ Դա յուրաքանչյուր սուվերեն պետության խնդիրն է։ Կարծում եմ, որ ՌԴ ղեկավարությունը այդ ամենի հետ մեկտեղ վերահսկելի վիճակում է պահում մեր տարածաշրջանն ու հարևաններին, մանավանդ, որ ռազմատեխնիկական գործակցության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշել է, որ հայկական զինված ուժերն անընդհատ կատարելագործում են ռազմական տեխնիկան և հաշվետու ժամանակահատվածում ևս ձեռք են բերվել տարատեսակ ինժեներական սարքեր, զինտեխնիկա, անօդաչու սարքեր, բարելավվել է ՀՀ ռազմարդյունաբերական ներուժը, ընթացքի մեջ են գործընկեր պետությունների հետ համատեղ հիմնադրված ձեռնարկությունների հենքի վրա գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների իրականացումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ջանքեր է գործադրում նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ ըստ Սեյրան Օհանյանի արդեն բարձրացվել են հաշմանդամների, սպաների, ենթասպաների և պայմանագրայինների թոշակները, 74 զինծառայող մեկ տարվա ընթացքում ապահովվել է բնակարաններով, և այդ գործընթացը շարունակվում է:

Նախարարը նաև ընդգծել է, որ ռազմական կրթության ոլորտում նույնպես կան հաջողություններ: Ըստ էության՝ ՀՀ-ն արդեն ունի սեփական ակադեմիան, որն իր մակարդակով չի զիջում արտասահմանյան հաստատություններին:

Եզրափակելով ելույթը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է, որ ունենանք մարտունակ և ժամանակակից պահանջներին համապատասխանող բանակ: Ուստի՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը անում է առավելագույնը՝ ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու և առկա բացթողումները վերացնելու ուղղությամբ:

1994թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ և ԱԳՆ նախաձեռնությամբ կայացավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշկեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում է դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը:

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

Փաստաթղթում նշված է. «Արձագանքելով Բիշքեկում 1994թ. մայիսի 5-ին կնքված արձանագրության մեջ շարադրված կրակը դադարեցնելու մասին կոչին և հիմք ընդունելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը, հակամարտող կողմերը պայմանավորվել են հետևյալի մասին՝

1. Ապահովել հրադադար և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակը դադարեցնելու մասին համապատասխան հրամանները կտրվեն ու կհասցվեն զինված կազմավորումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց կատարման համար, ոչ ուշ, քան 1994թ. մայիսի 11-ին: Մայիսի 12-ին մինչև 23.00-ն կողմերը կփոխանակեն կրակը դադարեցնելու մասին հրամանների տեքստերը հետագայում այն լրացնելու և նմանատաիպ փաստաղթերի հիմնական դրույթները ունիֆիկացիայի ենթարկելու նպատակով:

2. Խնդրել ՌԴ պաշտպանության նախարարին մայիսի 12-ից ոչ ուշ հրատապ խորհրդակցություն հրավիրել Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջև՝ նպատակ ունենալով համաձայնեցնել զորքերի տարանջատման սահմանները, ռազմատեխնիկական այլ հրատապ հարցերն ու նախապատրաստելով միջազգային դիտորդների առաջատար խմբի ծավալումը:

3. Այս պայմանավորվածությունը կօգտագործվի բանակցություններն 10 օրվա ընթացքում ավարտելու և մայիսի 22-ից ոչ ուշ Ռազմական հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար:

4. Սույն պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այն բանից անմիջապես հետո, երբ Միջնորդը կիրազեկի, որ հակամարտող կողմերից ստացել է լիովին համարժեք փաստաթղթեր՝ ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:

Կարդացեք նաև՝ՊԲ հրամանատարը՝ հրադադարից 21 տարի անց. Բանակը զինում ենք ոչ թե պատերազմելու, այլ խաղաղությունը պաշտպանելու համար

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
ԲՀԿ-ական Մանրիկյանը առաջարկել է հետագայում հատկացումներ անել նաև ՀՈԱԿ-ների բյուջեների հաշվին
Նա ասել է նաև, որ յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարություն իր կողքին է
Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, վարակված է կորոնավիրուսով