6  13.05.15 - Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մամուլի ասուլիսը

Նախարար. Էլէներգիայի գնի մասով ՀԷՑ-ի առաջարկները հիմնավոր են, «Նաիրիտի» վերագործարկումը՝ ոչ նպատակահարմար

Նախարար. Էլէներգիայի գնի մասով ՀԷՑ-ի առաջարկները հիմնավոր են, «Նաիրիտի» վերագործարկումը՝ ոչ նպատակահարմար

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 37,6 մլրդ դրամի վնաս է կրել՝ ՀԱԷԿ-ի չնախատեսված վերանորոգման, սակավաջուր տարի լինելու և ռեժիմների խախտման պատճառով, որոնց համար ընկերությունը պատասխանատու չէ: Ստեղծված իրավիճակը թելադրում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում, այսօր՝ մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նա նշել է, որ սակագների փոփոխության ուղղությամբ աշխատանքները տարվում են ՀԷՑ-ի ներկայացված հայտի հիման վրա և բացի կորուստներից, վերջին մեկ-երկու տարում առկա է նաև ռուբլի-դոլար հարաբերակցության ազդեցությունը: Նախարարի կարծիքով՝ սակագնի վերանայման համար ներկայացված առաջարկները հիմնավոր են, գրում է Mamul.am-ը:

ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Արդյունքում` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ:

Անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին նախարարը նշել է, որ ստեղծվել է բավական լուրջ ու ծանր ֆինանսական վիճակ. վերջին չորս տարում «Նաիրիտը» չի աշխատել, կուտակվել են հսկայական պարտքեր, այդ թվում` 5,5 մլրդ դրամ՝ չաշխատած տարիների համար, և ընկերության խորհրդի նախաձեռնությամբ` կրճատվեց մոտ 1900 աշխատող, որպեսզի լրացուցիչ ֆինանսական բեռ չծանրանա ընկերության վրա` նաև հաշվի առնելով, որ վերջին տարիներին 2300 աշխատողից աշխատում էին ընդամենը 400-500-ը, գրում է «Երկիր»-ը:

Ներկայում աշխատում է 480 մարդ` հերթափոխով, իրականացնում են գործարանի պահպանությունն ու անվտանգությունը: Ինչ վերաբերում է նաիրիտցիների աշխատավարձի խնդրին, նախարարը նշեց, որ պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է չորս տարում:

«Մենք փորձում ենք մեղմել ստեղծված իրավիճակը, և հնարավորության սահմաններում` յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ աշխատավարձ է վճարվում: Վերջերս վճարվեց մեկ ամսվա աշխատավարձ: Ստեղծված վիճակից դուրս գալու համար ընդհանուր գույքը և բաժնեմասերը գրավադրվել են միջպետական բանկում, և հիմա արվում է հնարավորը, որ գույքը կարողանանք ազատել գրավից: Կարծես, հարցը լուծվում է: Մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում մենք այդ հարցի լուծումը կունենանք: Պայմանագրով նախատեսված էր, որ եթե ներդրումներ չեն արվում, ապա գույքը վերադարձվում է կառավարությանը: Ժամկետներ նշելն այսօր անպատասխանատու բան է, բայց աշխատանքներ են տարվում, որ ամիսներ հետո կարողանանք տալ ամբողջ աշխատավարձը բոլոր աշխատակիցներին: Հուսով եմ, որ մինչև տարեվերջ կստեղծվեն հնարավորություններ` ամբողջ աշխատավարձի հարցը լուծելու համար»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին, որ վերլուծի, ուսումնասիրի «Նաիրիտ»-ի տեխնիկական ու ֆինանսական վիճակը՝ հետագա վերագործարկման հետ կապված:

«Մենք ստացել ենք ուսումնասիրությունների նախնական պատասխանը: Կարող եմ արդեն ասել Համաշխարհային բանկի եզրակացությունը «Նաիրիտ»-ի հետագա վերագործարկման մասով` գտնում են ոչ նպատակահարմար: Դա բոլորովին չի նշանակում, որ այդ հարցով չենք զբաղվելու, «Նաիրիտ»-ի ճակատագրի վերջնական որոշողը կառավարությունն է, և կներկայացվեն առաջարկություններ` շատ բաց ձևով, թե' կոլեկտիվին, թե' հասարակությանը: Բոլոր տարիներին «Նաիրիտը» եղել է Հայաստանի համար առաջին կարևոր ձեռնարկությունը, այնպես որ` ամեն որոշում ներկայացվելու է հրապարակային ձևով, որևէ փակ հարցի լուծում չի լինելու»,- ասել է Երվանդ Զախարյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---