Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի համահովանավորն է

Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի համահովանավորն է

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 24-րդ տարեկան ժողովը տեղի է ունենում Թբիլիսիում, մայիսի 14-15-ը, որին մասնակցում է 60 երկրի ավելի քան 2000 ներկայացուցիչ: Այս տարի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովն անցկացվում է տարածաշրջանի առաջատար հաստատությունների և համաշխարհային գործընկերների աջակցությամբ, որոնց շարքում են Վրաստանի բանկը (համաժողովի գլխավոր գործընկեր), Յունիկրեդիտը (համաժողովի ավագ գործընկեր), Ռայֆայզեն Բանկ Ինտերնեշնլը (համաժողովի ավագ գործընկեր), «Ակֆեն» ընկերությունը (հատուկ միջոցառումների գործընկեր) և Ամերիաբանկը (համաժողովի գործընկեր և միջոցառումը հովանավորող առաջին հայկական բանկը), հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկի Կորպորատիվ գործառնությունների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց. «Ամերիաբանկը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ երկարամյա համագործակցությունը, որի արդյունքում ճկուն պայմաններով ֆինանսավորման հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ ընկերությունների, այդ թվում և ՓՄՁ-ների համար: Համագործակցության արդյունքում իրականացվել են երկրի տնտեսության զարգացման համար մի շարք կարևոր նախագծեր` ուղղված էներգետիկայի, հեռահաղորդակցության, առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը»:

ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առաջին օրվանից` 2010թ. սեպտեմբերի 30-ից սկսած, Ամերիաբանկն Առևտրի աջակցման ծրագրի ներքո (TFP) ընդհանուր առմամբ կնքել է առևտրի ֆինանսավորման շուրջ 75 մլն ԱՄՆ դոլարի գործարք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---